ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և իր ամուսինը՝ Ջարեդ Քուշները, 2020 թվականին կորցրել են իրենց եկամտի զգալի մասը: Այս մասին գրում է Bloomberg-ը` հղում կատարելով փաստաթղթերին:
Ամուսնական զույգի՝ 2020 թ. ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 120 միլիոն դոլար: Անշուշտ, դա հսկայական գումար է, սակայն նախորդ նույն ժամանակահատվածում Թրամփն ու Քուշները վաստակել են 156 միլիոն:
Bloomberg-ը նշում է, որ, չնայած զույգը շարունակում է մնալ չափազանց հարուստ, ֆինանսապես զգալի տուժել է Թրամփի վարչակազմում կատարած աշխատանքի պատճառով: Նախագահի դուստրը, ինչպես հայտնի դարձավ անցյալ տարվա վերջին, մտածում է սեփական քաղաքական կարիերան սկսելու մասին՝ նախագահի պաշտոնից հոր հեռանալուց հետո:
Թրամփն էլ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ արդարադատության նախարարությունը, Ջո Բայդենի իշխանության գալով, կփորձի պատժել իրեն՝ թիրախավորելով իր երեք երեխաներին՝ Դոնալդ Թրամփ կրտսերին, Էրիկ Թրամփին և Իվանկա Թրամփին, ինչպես նաև Իվանկայի ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին: