Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 88 միլիոն 42 762-ի: 1 միլիոն 898,530 մարդ մահացել է, առողջացել է ավելի քան 62 միլիոն հոգի: Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ պատրաստվում են 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափը 600 միլիոնից հասցնել է 1 միլիարդի: Հունվարի 6-ին ԵՄ կարգավորիչը թույլատրել է Moderna պատվաստանյութն օգտագործել Եվրոպայում: Եվրամիությունը գնելու է նաև կորոնավիրուսի դեմ Ֆայզեր/բիոնտեք պատվաստանյութի լրացուցիչ 300 միլիոն դոզա:
***
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել 2 անձի, որոնք կապ ունեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ: Ստամբուլի քրեական դատարանը հետախուզության նախկին սպա Վեյսալ Շահինին և Վոլքան Շահինին մեղավոր է ճանաչել սպանության մասին նախապես իմանալու համար և թույլատրել նրանց ձերբակալել՝ ավելացնելով, որ նրանք «կարճ ժամանակ են անցկացրել կալանքի տակ»: Դինքը, որն այն ժամանակ հայ-թուրքական «Ակոս» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, սպանվել է իր գրասենյակի մոտ՝ 2007 թվականի հունվարի 19-ին:
***
Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական զինուժի և սիրիացի վարձկանների կողմից Արցախ ներխուժման պատճառով ավարտվեցին ուղիղ չվերթերը Հունաստանի և Հայաստանի միջև, որ իրականացնում էին Aegean Airlines-ն ու Wizz Air-ը: Սակայն նոյեմբերի 9-ին հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանը դանդաղ վերադառնում է նորմալ կյանքի, և հունական Էգեյան ավիաընկերությունը Աթենքից Երևան զեղչված թռիչքները կվերսկի մարտի 31-ից, իսկ ավիատոմսերը հասանելի կլինեն մինչ հունվարի 11-ը: Ավիաընկերությունը խորհուրդ է տալիս Հունաստանի սահմաններից դուրս հանգստանալ ցանկացողներին մեկնել Հայաստան: Ըստ ավիաընկերության՝ այդպես կարելի է նաև աջակցել Թուրքիայի հովանավորությամբ ադրբեջանական հարձակման ենթարկված երկրի տնտեսությանն ու ժողովրդին: