ԲՀԿ-ն չի մասնակցի հերթական նիստին՝ հաշվի առնելով այս դահլիճում տեղի ունեցող ֆարսը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ կոչ անելով գործընկերներին, այդ թվում՝ «Իմ քայլի», մասնակցել իրենց նախաձեռնած արտահերթ նիստին:
«Մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- ընդգծեց Աբովյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ այլ հարցեր քննարկելն անարգանք է զոհերի հիշատակին: «Մենք չենք կարող ձև անել, որ ոչինչ չի եղել: Եթե հաստատում եք ձեր օրակարգը, մենք չենք մասնակցելու այս նիստին, կսպասենք ձեր պատասխանին՝ արտահերթ նիստին մասնակցելու մեր առաջարկի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
«Մենք պատրաստ ենք խոսել այլ օրակարգերից, բայց խոսել այս լեզվով, որ բացի մեկ օրակարգից այլ խնդիրներ չենք քննարկելու, չի կարելի»,- ի պատասխան նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:
«Ստեղծված իրավիճակում կարևոր է խոսել հանդարտությունից, համերաշխությունից, բայց այն մարդը, ով հրահրում է նոր հուզմունքներ, ցասում, վարչապետն է, և նա պետք է հեռանա, ապա մենք կսկսենք երկխոսությունը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հույս հայտնելով, որ «Իմ քայլի» պատգամավորները կմասնակցեն խորհրդի նիստին և արտահերթ նիստով կհանեն ռազմական դրությունը:
«Այլ օրակարգով քննարկումներին չենք մասնակցելու»,- ընդգծեց նա:
ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: