• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 01:0414 Նմբ, 2020

Արցախն այնտեղ ապրող մարդով է Արցախ. վարչապետի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր:

Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, պարոն վարչապետ: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Պարոն վարչապետ, ակնհայտ է, որ համաձայնագրի կնքումից հետո լինելու են պրոցեսներ, որ սա ընդամենը փաստաթուղթ է խաղաղապահների մասով, և հետագայում շատ լուրջ պրոցեսներ են լինելու: Եվ այդ պրոցեսները ոչ միայն կարևոր են որպես քաղաքական, այլ, թերևս, իրենց կարևորությամբ մենք քիչ գործընթացներ ենք ունեցել, ու դրանք վերաբերել են մեր սերունդներին և պետականությանը: Իսկ քաղաքական դաշտում՝ փաստորեն ողջ ընդդիմադիր դաշտը մեկուսացված է պրոցեսներից և այս կարևորագույն, բարդագույն, կարելի է ասել, ազգի համար կենսական խնդրի լուծմանը մասնակցություն չունի: Ավելին, կարծես թե նաև Ազգային ժողովը ոչինչ չի անում, և միայն Դուք եք, որ պետք է որոշեք, այսպես ասած, այդ խնդիրը: Արդյոք սա արդա՞ր է, սա ճի՞շտ է, որպեսզի ողջ քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը մեկուսացված լինի այս կարևորագույն քաղաքական որոշումների ընդունումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Նախ համատեղ հայտարարություն, ոչ թե համաձայնագիր՝ սա շատ կարևոր նրբություն է: Երկրորդը՝ տեսեք, պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը և, ինչպես ասել եմ, նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում:

Եվ ես երեկվա իմ ուղերձում ասացի, որ անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո, և եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնեինք պատերազմը, Ստեփանակերտը կընկներ, որից հետո, ինքնաբերաբար, Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ:

Ընդ որում՝ այդ թիվն ինչո՞ւ է տարբեր: Որովհետև նայած ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար: Եվ, ընդ որում, այստեղ շատ կարևոր է, որ այդ զինվորները՝ շրջափակման մեջ հայտնված, իրենք չէին կարող ազդել իրավիճակի վրա: Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից: Սա այն դեպքը չէր, երբ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպել, որովհետև այդ դեպքում ամբողջությամբ նաև առաջնագիծը կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ:

Տեսեք, Դուք ասում եք՝ ինչո՞ւ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ընդդիմության հետ և այլն: Սա, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել: Որովհետև դա մոտավորապես նույնն է, եթե ասեք, թե ենթադրենք, որ մեր ստորաբաժանումն ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, չի քննարկվել ընդդիմության հետ:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, հիմա ռազմական գործողություններ չկան: Հիմա խաղաղապահներ են: Բայց ակնհայտ է, որ սկսվելու է պրոցես, որովհետև մենք գիտենք, որ շատ բաց հարցեր կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ներողություն, ես շարունակեմ տրամաբանությունը: Բայց այն ժամանակ ռազմական գործողություններ էին, ընդ որում, ինչպես ասացի, շատ կրիտիկական ռազմական գործողություններ: Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ հիմա շատ քննարկվում է և, բնականաբար, առաջին պլան է մղվել այն, որ ի՞նչ հանձնվեց այս ստորագրությամբ: Բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է: Որովհետև դա ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, որոնք, ըստ էության, ռազմական գնահատականով անխուսափելիորեն պիտի տեղի ունենային, կանխատեսելի կորուստներն ուղղակի արձանագրվել են, որպեսզի խնայվեն մեր շուրջ 30 հազար զինվորների կյանքեր: Հետագայում, երբ  ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, և այստեղ արդեն  քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են հիմա բոլորը: Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե քննարկման արդյունքում առաջարկվում է ի՞նչ անել՝ հե՞տ պտտել, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ սցենարով գնալ: Բայց հիմա ամենալայն քննարկումն են տեղի ունենում:

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը ցույց է անում, նրանց լիդերներին բռնում են, ասում են՝ արտակարգ իրավիճակ է, դուք իրավունք չունեք: Ինչպե՞ս նրանք կարող են ազդել պրոցեսի վրա: Այդ պարագայում դուրս է գալիս, որ միայն իշխանությունն է, որ պրոցեսը տանում է: Հիմա ո՞ւմ հետ են քննարկում, քննարկումները որտե՞ղ են լինում: Ընդդիմությունը կտրված է այս պրոցեսից և քաղաքական ազդեցության որևէ հնարավորություն չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, կրկին այս համատեքստում՝ խոսքը ռազմական գործողությունների, ըստ էության, համատեքստի մասին է. սա մոտավորապես նույնն է, էլի եմ ասում, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ մի գրոհ կամ ինչ-որ մի նահանջ, ինչ-որ մի հաջողություն և ինչ-որ մի անհաջողություն, ի վերջո, ասվի հետևյալը, բայց մի րոպե՝ այդ ռազմական անհաջողությունն ինչո՞ւ նախապես ընդդիմության հետ չի քննարկվել:

Պետրոս Ղազարյան – Ես հիմա եմ ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Ըստ էության, հիմա քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է: Եվ այդ քննարկումը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Որովհետև ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է:

Պետրոս Ղազարյան - Բայց այնտեղ օրեր ու ժամկետներ են նշված նաև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա էլ ռազմական և զինվորական բնույթի խնդիրներ և առաջադրանքներ են: Նկատի ունեմ՝ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, և այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն: Եվ այդ փուլում, իհարկե, քննարկումները հնարավոր կդառնան, և այդ քննարկումները տեղի կունենան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է:

Պետրոս Ղազարյան – Իսկ երբ ընդդիմությունն ասում է, որ ժամկետներ կան, մենք կարող ենք չեղարկել, կարող ենք փոխել: Ինչո՞ւ չեք լսում նրանց, տեսնեք՝ մարդիկ, կարող է, փոխելու ձևեր գիտեն, կարող է՝ չեղարկելու ձևեր գիտեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այնուամենայնիվ, ինչքան էլ ասեք, քանի որ հրապարակային է այդ ամեն ինչը տեղի ունենում, ես, օրինակ, չեմ լսել չեղարկելու ձև: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը ուղղակի վերցնել, պատռել և գցել մի կողմ: Բայց պետք է նաև դրա հետևանքների…

Պետրոս Ղազարյան – Այսինքն՝ ինչպե՞ս չեղարկել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ոչ մի խնդիր չկա, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթն ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնեն:

Պետրոս Ղազարյան - Ինչո՞ւ չկայացավ Ազգային ժողովի նիստը: Չէ՞ որ մենք խորհրդարանական երկիր ենք, ընդդիմադիրները եկել էին Ազգային ժողով, սպասում էին ձեր կուսակիցներին, որպեսզի քաղաքական ամենակարևորագույն ինստիտուտում այս հարցը քննարկվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես չեմ կարծում, որ այս հարցն արժե քննարկել ամենահուզական վիճակում:

Պետրոս Ղազարյան - Եկեք սառը քննարկենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինան - Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել:

Պետրոս Ղազարյան - Այս մթնոլորտում չի՞ կարելի քննարկել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է:

Իմիջիայլոց, ասեմ, երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որևէ անհաջողություն նախապես չի քննարկվում, ասենք, օրինակ,  Ազգային ժողովի հետ, մի քիչ  ծայրահեղ ձևակերպում անեմ, որովհետև ռազմական գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ դու անհաջողության մատնվես, այլ դա տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով:

Ըստ էության, Ազգային ժողովի կամ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես, որ տեղի ունենա կամ դու պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա: Իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով, տեղի են ունեցել շատ արագ և մի պայմաններում, երբ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը:

Պետրոս Ղազարյան – Դուք եղել եք ընդդիմադիր: Եթե Դուք հիմա լինեիք ընդդիմադիր, այսպիսի փաստաթուղթ, այսպիսի վիճակ լիներ, Դուք կմնայի՞ք տանը: Կասեի՞ք՝ ռազմական վիճակ է, եկեք նստենք տանը, տեսնենք՝ իշխանությունն ի՞նչ է անում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես, 2016 թվականին լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան, չգիտեմ, գոհ լինելով, համենայնդեպս, հանրահավաք չեմ արել:

Պետրոս Ղազարյան -  Բայց անհամեմատ են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Գիտեք, «եթե»-ով հարցերը լավ հարցեր չեն սովորաբար:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, շատ հարցեր կան՝ ինչու այսպես եղավ: Տեսեք, հիմա շատ տարբեր մակարդակներով՝ և՛ Արցախից, և՛ այստեղից ասում են, որ լավ կազմակերպված չէր, այս խնդիրը կար, այն խնդիրը կար, մոբի խնդիր կար, շրջափակման խնդիր կար և այլն: Այս ամենը չի՞ նշանակում, որ իշխանությունն առնվազն չկարողացավ պատշաճ կազմակերպչական աշխատանքներ տանել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ: Եվ, այո, խնդիրներ այս պարագայում էլ եղել են: Եվ այդ խնդիրները եղել են ոչ միայն զուտ կազմակերպչական բնույթի, այլև եղել են նաև ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ: Ես իմ ուղերձներից մեկում ասացի, որ պարզվեց՝ մեր զինված ուժերի կիրառման պլանի առումով բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսով այն համակարգը, որ ունենք, այդքան էլ արդյունավետ չի գործում: Եվ մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք: Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին:

Իմիջիայլոց, ցանկանում եմ ասել, որ նաև պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը, ըստ էության, լիովին իրեն արդարացրեց: Եվ դա այն կարևոր նրբություններից էր, որն իրականության մեջ ցույց տվեց, որ այդ բարեփոխումն իրեն լիովին արդարացրել է: Բայց եղան նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում, որոնք ցույց տվեցին, որ զորահավաքային այն պլանները, որոնք գոյություն ունեն, այդքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին:

Բայց նաև ցանկանում եմ ասել, որ այդ զորահավաքային պլանները, որոնք գոյություն ունեն, այսպես ասած, ավանդույթային են: Դրանք այնպես չէ, որ տարին մեկ, 2 տարին մեկ փոխվում են: Իրենք ինստիտուցիոնալ կառույց են, որոնք շատ վաղուցվանից ստեղծվել են, ձևավորվել են, բայց քանի որ այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում դրա բացերն ուղղակի չեն երևացել, և մենք առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է: Բայց դա հին համակարգ է, որը նոր պայմաններում ուղղակի չի աշխատում:

Մասնավորապես, ի՞նչ նկատի ունեմ: Օրինակ, այս պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: Եվ, իմիջիայլոց, 2018 թվականից դա բանակում տեղի ունեցող հաջորդ կարևոր բարեփոխումն էր, որը պլանավորվել և մեկնարկել էր ընդամենը 2019 թվականի կեսերից, երբ հատուկ նշանակության ջոկատներն ավելի ու ավելի մեծ տեղ պիտի զբաղեցնեին մեր բանակում՝ որպես հարվածային ուժ: Բայց, ըստ էության, պատերազմի մեկնարկի պահին, ի տարբերություն սննդի համակարգի բարեփոխումների, այս բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին: Եվ այդ առումով այս տարածքում է, որ բավական կազմակերպչական թերություններ եղան:

Պետրոս Ղազարյան - Քաղաքական առումով Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Դուք 2,5 տարում չկարողացաք Ռուսաստանի հետ ապահովել պատշաճ հարաբերություններ: Ավելին, այնտեղ Ձեր իշխանությունն ընդունում էին որպես արևմտամետ, հակառուսական, և եթե լիներ այստեղ այլ իշխանություն, ռուսական կողմն այլ որակի և այլ արագության օգնություն մեզ ցույց կտար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք խոսում ենք Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումների մասին: Եվ պիտի հստակ և վստահաբար արձանագրեմ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել վստահաբար: Այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնպիսին է, ինչպիսին եղել է 4,5 տարի առաջ: Եվ այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայութունը: Եվ մենք այս տրամաբանությամբ պետք է դիտարկենք հարցը, որովհետև մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին: Մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումների մասին:

Պետրոս Ղազարյան – Դրանք երբեմն չե՞ն կապակցվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պարագայում կարող եք միանշանակ համոզված լինել, որ՝ ոչ: Որովհետև եթե կապակցված լինեին, 2018 թվականի մայիսից հետո այս դիրքորոշումը փոփոխություն կկրեր և կտարբերվեր 2018 թվականի մայիսից առաջ առկա դիրքորոշումից: Բայց դրանք փոփոխություններ չեն կրել, և ես դա կարող եմ ասել պաշտոնապես: Բայց, մյուս կողմից, կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ:

Պետրոս Ղազարյան - Այս ընթացքում Դուք բազում շփումներ եք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպիսի՞ն են հիմա ձեր հարաբերությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Աշխատանքային, շատ լավ:

Պետրոս Ղազարյան – Նաև շատ քննադատություն և հարցադրումներ կան Շուշիի անկման վերաբերյալ: Որովհետև պաշտոնապես, մեր եթերով հայտարարվեց, որ ազատագրում ենք Շուշին, ճիշտ է՝ մեկ օրով տվել ենք, բայց հետ ենք վերցրել: Եվ մյուս օրը հայտարարվեց, որ Շուշին ընկել է, և մենք տալիս ենք այս հայտարարությունն ստորագրելու համաձայնություն: Եվ մարդիկ ասում են՝ ինչպե՞ս: Եթե մենք հետ էինք վերցրել, եթե մենք պայքարում էինք, Շուշին այնպիսի անառիկ ամրոց է և այլն, ինչպե՞ս մենք տվեցինք Շուշին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ես Ձեզ ասեմ: Նախ Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ Շուշին ետ գրավելու, ետ ազատագրելու փորձեր են եղել: Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես: Երկրորդ փորձի ընթացքում մեկ խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի՝ մուտք գործել և դիրքավորվել Շուշիում: Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած:

Ես Ձեզ ուրիշ բան կարող եմ ասել: Նաև շատ միֆեր կան Շուշիի հետ կապված: Օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա, որը դեռ շարունակում է՝ այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է: Եվ, բնականաբար, այդ իրավիճակում, ով ինֆորմացիան տալիս էր, ես կոնտակտ խնդրեցի, թե ո՞վ կա այդ խմբում, ո՞վ է, որ այդտեղ է գտնվում: Եվ, բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետև այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում: Ես նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին:

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունն ասում է, որ մենք այս ընթացքում՝ այս 40 օրերի ընթացքում, իշխանությանն անընդհատ ասում էինք, որ եթե չեք կարողանում, եթե չի ստացվում, եթե այս կա, այն կա, ապա իշխանությունը հանձնեք մեր ստեղծած կոմիտեին, և մեր ներուժը ներդնելով՝ կփորձենք բեկում մտցնել: Ինչո՞ւ չկայացավ այդ խոսակցությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, կներեք, այստեղ հարց է ծագում՝ ո՞վ պիտի որոշեր, թե ինչ կազմ ունի այդ կոմիտեն, ովքե՞ր են ընդգրկվում այդ կոմիտեում, ի՞նչ  լիազորություններ ունի այդ կոմիտեն:

Պետրոս Ղազարյան - Ռազմաքաղաքական կոմիտե:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նկատի ունեմ, ո՞վ էր որոշելու, որ այդ կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Ո՞վ էր այդ որոշումը կայացնելու: Այսինքն՝ դա նշանակում է պետական ինստիտուտների վերացում: Ստեղծենք կոմիտե: Իսկ որպեսզի իմանանք՝ այդ կոմիտեն ի՞նչ լիազորություններ ունի, ո՞ր օրենքը պետք է բացենք, Սահմանադրության ո՞ր հոդվածը պիտի նայենք, որպեսզի հասկանանք՝ դա ինչ մարմին է և ինչի համար է գործում:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, ե՞րբ Դուք հասկացաք, որ վիճակը կրիտիկական է, և մենք ինչի՞ հետ գործ ունենք: Քաղաքական ուժերն ասում են, որ Դուք մի քանի անգամ հանդիպել եք իրենց հետ և ներկայացրել եք, որ վիճակը ծանր է և այսպիսին է: Ինչո՞ւ Դուք հենց այդ ժամանակ չդիմեցիք մարդկանց, հասարակությանը: Դուք սիրում եք խոսել մարդկանց հետ: Դիմեիք և ասեիք՝ հարգելի քաղաքացիներ, վիճակը սա է: Եթե մենք վաղը շարունակենք, կլինի շատ զոհ և ավելի տարածք: Եվ կանգնեցնեիք պատերազմը հենց այդ ժամանակ: Քաղաքական ուժերն ասում են՝ մենք ձայն չհանեցինք, որ չխանգարենք վարչապետին: Ստացվում է՝ բոլորը լռել են՝ իմանալով, թե ինչ է կատարվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այստեղ մենք պետք է դիտարկենք 2 հանգամանք: Առաջին հանգամանքը՝ կա՞ արդյոք որևէ հեռանկար իրավիճակը փոխելու, և երկրորդ հանգամանքը՝ ո՞րն է պատերազմը կանգնեցնելու գինը: Սա շատ կարևոր է: Որովհետև, տեսեք, հիմա ինչքան ցավոտ է ընդունվում բոլորիս կողմից, որ, ասենք, 3 տարածք պետք է վերադարձվի: Իսկ ինչքան ցավոտ կլիներ, ընդ որում՝ այն իրավիճակում, երբ թե՛ Գլխավոր շտաբի, թե՛ Արցախի քաղաքական ղեկավարության գնահատման համաձայն և ինձ համար էլ ակնհայտ, որ այդ տարածքները, ըստ էության, պահել այլևս հնարավոր չէ, կամ եթե այնտեղ մի հատված, օրինակ, Քարվաճառի հատվածը հնարավոր է պահել, բայց Արցախի ամբողջ տարածքը կորսվելու է: Միանշանակ կորսվելու է: Այսինքն՝ այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել այդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Եվ մեր բանակը, մեր զինված ուժերը, Գլխավոր շտաբը, Պաշտպանության բանակը՝ իրենք կռվել են մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին րոպեն:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ Ձեզ այդ օ՞րն են զինվորականներն ասել, որ պարոն վարչապետ, այլևս իմաստ չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել: Իհարկե, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել: Բայց մենք փորձել ենք այդ խնդիրները՝ մատակարարումների, հակաօդային պաշտպանության և այլն, ինչ-որ ձևով լուծել: Հասկանո՞ւմ եք՝ Դուք պետք է ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Երբ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձևակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ: Եվ սրա համար արել ենք այն ամեն ինչը, ինչ հնարավոր է:

Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ մենք հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել: Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Եվ ես ցանկանում եմ ասել նաև, որպեսզի մեր հանրությունն իմանա. Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ և հասկանում եմ, որ, մյուս կողմից էլ, դավադրության ...

Պետրոս Ղազարյան - Մարդկային կյանքեր կփրկվեին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Ես, օրինակ, ասել եմ՝ ես չեմ կարող Շուշին հանձնել: Մենք չենք կարող Շուշին հանձնել: Որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն: Եվ եթե մենք նույնիսկ 1-ին օրը, 2-րդ օրը...

Պետրոս Ղազարյան - Դե պարզ է՝ ինչ էին ասելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ես այստեղ հարց տվեցի՝ մենք պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք ընդհանրապես, ինչի՞ հետ ենք գործ ունեցել ընդհանրապես, և Ղարաբաղի հարցի պատմությունը մեզ ո՞ւր է հասցրել 2020 թվականին: Օրինակ, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, ինչպես և մեր ստորագրած հայտարարություններում, որտեղ պետք է մեկնաբանել: Կարելի է մեկնաբանել այսպես, կարելի է մեկնաբանել այնպես, որտեղ, ըստ էության, բանակցային բովանդակության 90 տոկոսը, լավ 80, 70 տոկոսը, անորոշ և մեկնաբանությունների տեղիք տվող և անհրաժեշտություն ունեցող ձևակերպումներ են: 

Բայց բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ընդամենը մեկ բան կա, որը եղել է որոշակի, և ես դրա մասին հրապարակային խոսել եմ: Երբ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակը առաջին՝ Ադրբեջանի 7 շրջանների վերադարձն է: Եվ 25 տարի, ըստ էության, այս ձևակերպումը դրված է եղել մեր սեղանին, և մենք 25 տարի չենք ասել չէ: Սա միակ կետն է եղել, որը եղել է շատ որոշակի:

Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ազգային ինքնորոշում: Իսկ ի՞նչ է դա նշանակում գործնականում: Օրինակ, Ադրբեջանը միշտ տվել է իր մեկնաբանությունը, որ իր կազմում թող ինքնորոշվի: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում՝ ի՞նչ է սա նշանակում: Ճշտել, թե Լեռնային Ղարաբաղն ինչ կարգավիճակ կարող է, պետք է ունենա: Դա կարող է լինել ա, բ, գ, դ, ամենատարբեր կարգավիճակներ: Այսինքն՝ այն, ինչ դրված է բանակցային սեղանին, դեռ ճշգրտումների անհրաժեշտութուն ունի:

Միակ բանը, որը ոչ մի ճշգրտման անհրաժեշտություն չի ունեցել, այն թեզն է, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Եվ, ըստ էության, թերևս 2015 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը շատ երկար ժամանակ աշխատել է և իրեն արդյունք է պետք եղել, որովհետև այդքան աշխատել են, և արդյունք է պետք արձանագրել, ըստ էության եկել է կոնսենսուսի, որ քանի որ մի կոնկրետ հարց կա, որ սրա անհրաժեշտության մասին բանավեճ չկա, մնացած տեղերում լիքը տարընթերցում կա, եկեք համաձայնության գանք, որ այս տարածքների հարցը 5+2-ով լուծենք:

Սա, ըստ էության, օդում կախված մի իրավիճակ է, և այս իրավիճակի հետ է կապվում նաև, որ շատ հաճախ՝ նախկինում էլ, հիմա էլ, քննարկվել է, այսպես ասած, սցենարով պատերազմի տրամաբանությունը: Բայց այս պատերազմի առանձնահատկությունն ինչի՞ մեջ է: Այս պատերազմի առանձնահատկությունը նրա մեջ է, որ ոչ թե, համենայնդեպս, հայկական կողմից, այդ սցենարն իրագործելու նպատակ են ունեցել, այլ այդ սցենարին դիմադրելու նպատակ են ունեցել: Սա ամենակարևոր նրբությունն է այս ողջ պատմության մեջ, որ պետք է անպայման իմանալ:

Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, մարդիկ ընկճված են, մարդիկ կոտրված են, մարդիկ ցավ են զգում: Նրանք ադեկվատ չեն, և մարդկանց անհրաժեշտ է միասնություն: Եվ շատ շատերը, որոնք ապաքաղաքական են և ընդհանրապես տարբեր հայացքներ ունեն, ասում են՝ տեսեք, նախկիններ, ներկաներ և այլն, այդ ամեն ինչը բոլորս գիտենք, բայց այս, ինչ-որ արձանագրվել է՝ այս հայտարարությունը, արձանագրվել է Ձեր ժամանակ: Կարող եք հազար բան ասել՝ ճիշտ, սխալ, բայց քանի որ Դուք ստորագրել եք սա, Ձեր ժամանակ է Շուշին ընկել, Դուք չեք կարող լինել այդ միավորողն արդեն: Արդյոք ճի՞շտ չեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ասեմ, որ իսկապես մենք բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Եվ այդ ծանր ժամանակները մեր բեռն է, անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ: Սա մեր բեռն է, և մենք պետք է այդ բեռն ազգովի կրենք: Բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: Որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը տեսնենք:

Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, հայերը պետք է վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը չի ավարտվել սրանով: Շատ լավ կլիներ, որ ոչ թե սրանով, այլ Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում ստանար: Բայց, ցավոք, Ղարաբաղի հարցը վերջնական կագավորում չի ստացել: Հիմա հաջորդ հարցը հետևյալն է՝ մենք շարունակո՞ւմ ե՞նք պայքարել Ղարաբաղի ժողովրդի և նրա իրավունքի համար: Այստեղ ինձ համար միանշանակ է պատասխանը՝ այո: Ի՞նչ պետք է անել դրա համար այս պահին առաջին հերթին: Առաջին հերթին՝ Արցախի մեր հայրենակիցները պետք է գնան և ապրեն, սկսեն ապրել իրենց տներում:

Պետրոս Ղազարյան - Ինչպե՞ս: Ճանապարհները, ֆինանսները, ենթակառուցվածքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք հենց այսօր նաև կառավարությունում նիստ ունենք՝ այդ հարցերը քննարկելու համար: Որովհետև ակնհայտ է, որ այդ ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր ստեղծագործ և խաղաղ կյանքի համար:

Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մի հատվածի հայության անվտանգությունն ապահովում են: Այն մյուս հատվածի մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է: Մենք հիմա պետք է աշխատենք դրա վրա՝ այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունը և անվտանգությունն իրենց տներում ապահովելու համար: Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև կապի պրոբլեմ չի լինելու՝ ճանապարհային կապի պրոբլեմ: Մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով սովորականի նման գնալ և գալ: Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ բնականոն կյանքը պետք է վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ:

Պետրոս Ղազարյան – Բայց մարդիկ վախեցած են, մարդիկ անորոշության մեջ են: Մենք, տեսեք, հավատացինք այդ գաղափարին, 30 տարի մենք գնացինք սարքեցինք, ներդրեցինք և 40 օրում կորցրեցինք այդ ամեն ինչը: Ինչպե՞ս այնտեղ ներդրումներ կանեն: Եկեք մարդկայնացենք՝ մարդն իր ընտանիքը, իր երեխաներին հիմա ինչպե՞ս վերցնի, հետ տանի՝ շրջապատված ադրբեջանցներով, այս ընկճված վիճակով: Ի՞նչ երաշխիք, ի՞նչ ապագա նա պետք է տեսնի այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հենց դրա համար խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն են, որ առնվազն իրենց ներկայությամբ կամ պատերազմ չի սկսվի կամ, համենայնդեպս, ծավալ չի ստանա: Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգությունն ապահովելն է:

Սա է այն միջավայրը, որում պետք է վերածնվի Արցախը: Ասում եք՝ ո՞վ այնտեղ ներդրում կանի: Առաջին հերթին պետք է մտածել այնտեղ պետական ներդրումներ անելու մասին: Պետք է մարդկանց աջակցել, որպեսզի նրանք իրենց տները վերականգնեն, իրենց ապրելու միջավայրը վերականգնվի՝ միևնույն ժամանակ ունենալով ազատ հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության և Երևանի հետ: Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին, այս փուլում ամենակարևոր խնդիրը ներքին կայունությունը և անվտանգությունն ապահովելն է, որից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը:

Ի՞նչ նկատի ունեմ: Նկատի ունեմ, որ քաղաքական խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է միանշանակորեն և աներկբա պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը: Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է՝ ահա այսպիսի պայմաններում, որովհետև կայունություն կարող է լինել ամենատարբեր պայմաններում:

Պետրոս Ղազարյան – Ե՞վ: Դրանից հետո՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրանից հետո արդեն կարող ենք խոսել մնացածի մասին:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ այդ կայունության համար շատ կարևոր է մարդկանց տեսլականը: Մենք մինչև այս պատերազմը գիտեինք՝ ինչ ենք ուզում կառուցել: Մենք ուզում էինք Արցախի անկախությունը, մենք հպարտանում էինք, մենք ուզում էինք Հայաստանը ժողովրդավար սարքել, մեկ բան ստացվում էր, մեկ բան չէր ստացվում: Հիմա մեր երկրի այդ տեսլականը, անվտանգության զգացողությունն անհատական ամեն մարդու մոտ խաթարված է. նրանք չգիտեն՝ վաղը ինչ է լինելու մեր երկրի անվտանգությունը: Մենք տեսանք հսկայական Թուրքիայի ագրեսիան, և մարդիկ հասկացան, որ  մեր ուժերով դա պահել չի լինում, և այդ ուժը ռեալ է: Հիմա մենք ունենք Արցախից այն, ինչ ունենք, որը շրջապատված է: Ունենք մի հայտարարություն, որն ավելի շատ հարց է առաջացնում, քան պատասխան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա, նախ առաջին հերթին, մեր աշխատանքը պետք է լինի այդ հայտարարության անորոշությունները կոնկրետացնելը և այդ անորոշությունները դարձնել այնպիսի իրողություն, որն ապրելու համար մատչելի կդարձնի միջավայրը: Երկրորդը՝ մենք ի՞նչ ենք ուզում: Մեր ցանկությունները, ըստ էության, չեն փոխվել. Այն, ինչ մենք ուզում էինք ռազմավարական առումով կամ առնվազն բովանդակության առումով նախկինում, ուզում ենք նաև հիմա:

Ես արդեն ասացի՝ մեզ համար հիմա ակնհայտ է, որ մեր բանակը և ընդհանրապես մեր պետությունը ինստիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի: Մենք պետք է ունենանք նոր տիպի բանակ, որտեղ պետք է լինեն նոր պարամետրեր: Մասնավորապես, ես արդեն ասացի՝ բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա: Որտեղ մենք, ենթադրենք, ունեինք կորպուս, բրիգադ, գունդ, դիվիզիա, գունդ, գումարտակ, կառուցվածք, որը բանակի մեր ավանդական պատկերացրած կառուցվածքն է, բայց որը, ըստ էության, չարդարացրեց իրեն: Եվ այս պատերազմում հաղթեց 2 գործոն՝ մոբիլ խմբերը և անօդաչու թռչող սարքերը:

Առաջինը՝ բանակի բարեփոխումներն են, որոնց համատեքստում պետք է դիտարկել նաև, իմիջիայլոց, կանանց ներգրավվածության աստիճանի հնարավոր մեծացումը: Որը, կարծում եմ, այս համատեքստում շատ  կարևոր նշանակություն է ձեռք բերում:

Երկրորդը՝ ռազմաարդյունաբերական համալիրի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք այսօր կարողանում ենք ապահովել, որը պետք է, ի վերջո, ռեալ դառնա մեր տնտեսության առաջատար ճյուղը:

Կրթության ոլորտի բարեփոխումները ամենակարևորն են այս ամբողջ պատմության մեջ՝ մենք 20, 25, 30 տարեկան մարդուն, քաղաքացուն ինչ աշխարհընկալման, ինչ աշխարհըմբռնման և ինչ  գիտելիքի, ինչ զբաղմունքի մեջ ենք պատկերացնում:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը՝ որը եղել է նախկինում և որը կա նաև հիմա:

Պետրոս Ղազարյան - Ասում են, որ, տեսեք, գնալու ենք բանակցությունների, Դուք էլ նոր ասեցիք՝ հարցեր կան, որ այդ անորոշությունները վերացվեն: Ընդդիմախոսներն ասում են, քանի որ Դուք ստորագրել եք այդ պարտության փաստաթուղթը, Դուք չեք կարող էֆեկտիվ բանակցել, չեք կարող նստել, ասել՝ այսպես, կամ այնպես, որովհետև Ձեզ ասելու են՝ եղբայր, դու պարտվել ես: Այ, եթե փոխվի իշխանությունը, կգա նոր մարդ և նոր կետից շատ ավելի կուժեղացնի մեր բանակցային դիրքերը: Այսինքն՝ սա անձերի և ուժերի խնդիր չէ,  պետության խնդիր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասացի՝ կարծում եմ, որ իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ, և մեր խնդիրն է՝ ունենալ կայուն իրավիճակ, որից հետո արդեն մենք կկարողանանք դիմել ժողովրդին:

Պետրոս Ղազարյան -  Բայց բանակցությունները հիմա են չէ՞ սկսվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Բանակցությունները հիմա են սկսվելու, և մենք  կարող ենք և ի վիճակի ենք բանակցել և բանակցում ենք:

Պետրոս Ղազարյան – Ունե՞նք մենք որոշակի պատկերացումներ՝ ի՞նչ ենք ուզում: Այնտեղ շատ հետաքրքիր կետեր կան՝ սահմանների վերաբացում, ճանապարհ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այո, իհարկե: Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի,  օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Մենք խոսում  ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Պետրոս Ղազարյան - Դա նաև Թուրքիայի՞ն է վերաբերում՝ սահմանների  վերաբացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ: Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ, և, եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել:

Պետրոս Ղազարյան - Քանի որ հայտարարության մեջ դրանք նշված էին, նախնական համաձայնություն կա՞ այդ առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Նախնական ոչ թե համաձայնություն, այլ ըմբռնում: Եթե դա ձևակերպված է, ուրեմն կա ըմբռնում: Բայց դա հասկանալիորեն բանակցությունների հարց է և բանակցությունների թեմա է, որոնք պետք է տեղի ունենան:

Պետրոս Ղազարյան - Նաև սոցիալական, տնտեսական առումով: Քովիդն է, ձմեռ է, տնտեսությունը՝ ակնհայտ է, պարոն վարչապետ, ինչպիսի հարվածների տակ է: Այստեղ գտնվում են տասնյակ հազարավոր արցախցիներ, երեխաներ, նրանց ծնողները, ընտանիքները: Ի՞նչ պետք է անել սոցիալական առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է հստակ աջակցություն լինի այդ մարդկանց՝ և՛ սոցիալական, և՛ նյութական աջակցություն: Բայց ես կարծում եմ, որ այդ աջակցությունը պետք է նրանք ստանան Արցախում: Ոչ թե Հայաստանում, այլ Արցախում: Սա շատ կարևոր նրբություն է: Որովհետև, ինչպես ես արդեն ասացի, Արցախը այնտեղ ապրող մարդով է Արցախ: Եվ մեր մեծագույն խնդիրն է հիմա, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան և ապրեն Արցախում: Մենք դրա համար կառավարության մաքսիմալ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ իհարկե, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ կրթական, ամենատարբեր բնույթի:

Պետրոս Ղազարյան - Փող կա՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Կստեղծենք: Կաշխատենք, կստեղծենք:

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Ես եմ շնորհակալ:

 

 




 

Դիտումների քանակ316
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015