Կասպերսկի ընկերության հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են՝ Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00 տոկոսը այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 3,37 տոկոս: Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08 տոկոսին, Վրաստանում՝ 1,67 տոկոսին, Ադրբեջանում՝ 4,05-ին։
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 43,62 տոկոս, Ալժիրում՝ 21,97 տոկոս, և Բանգլադեշում՝ 19,30 տոկոս։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ընկերության լուծումները 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 1 245 894 վնասաբեր տեղադրման փաթեթ։ Մեկ տարի առաջ դրանք 753 550-ն էին։
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։