Ազգային արխիվի աշխատակիցներն այս միջանցքով հուզված հետ ու առաջ են անում: Ճանապարհը տանում է դեպի արխիվի երկարամյա տնօրեն Ամատունի Վիրաբյանի աշխատասենյակ: Իսկ տրամադրությունն այս սենյակում ճամպրուկային է: Ամատունի Վիրաբյանն աշխատանքից հեռացման ծանուցում է ստացել: Աշխատասենյակում նստած սպասում է հանձնման-ընդունման ակտը բերեն, ստորագրի, հեռանա, բայց ոչ ոք չի գալիս:
«Այս հիմնարկում իմ հեռանալու լուրն ամենաթեթևը ես եմ տանում: Ինչը որ սկզիբ ունի, վերջ էլ ունի, մի օր պետք է վերջ լիներ, չէ՞»,- ասում է Վիրաբյանը, աշխատակիցներն են շատ ընդվզում: «Մի օր, բայց ոչ այսօր ու ոչ այսպես», վրդովված են ազգային արխիվի աշխատակիցները: 83-ից վիրաբյանի հետ աշխատող Սոնյա Միրզոյանը բացատրում է. «Չենք ասում 100 տարի տնօրեն մնար, բայց երկու ամսից պայմանագրի ժամկետը լրանում էր, թող երկու ամսից էլ գեղեցիկ հեռանար, չվիրավորեին, չպիտակավորեին»: Տիկին Սոնյան անընդհատ զանգեր է ստանում Վիրաբյանի գործընկերներից, ընկերներից:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը հայտարարություն էր տարածել Վիրաբյանի լիազորությունները դադարեցնելու պատճառի մասին. «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի հետևանքով հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել»:
Ազգային արխիվի տնօրենը բացատրեց. «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։ Նախարարությունն այս մասով առարկություններ չունի, արդեն այսօր հաղորդագրությամբ արձագանքեց գերատեսչության մամուլի խոսնակը, որտեղ նաև նշեց «Այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են կառավարությունից ստացված միջոցների հաշվին», բայց Վիրաբյանի դեպքում, ասում են, այլ խախտում էլ կար:
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքը, որի հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։
Սոնյա Միրզոյան, ՀՀ ազգային արխիվի փոխտնօրեն - Ի՞նչ ֆինանսական խախտում, ես չեմ կարողանում բացատրել ֆինանսական խախտում մենք ինչպե՞ս կարող ենք կատարել: Ամեն տարի, համարյա, մենք ստուգվում ենք:
Ի պաշտպանություն Վիրաբյանի, համախմբված արխիվի աշխատակիցներն ասում են` մարզերից էլ էին ուզում գալ, իրենց սրտի խոսքն ասել, բայց թույլ չտվեցին: Կառույցում այս պահին էլ ստուգումներ են անցկացվում: Գլխավոր հաշվապահը բոլոր հաշվարկները ձեռքին մանրամասն փաստեր է ներկայացնում, ասում է՝ թող մասնագետները գան, սեղանի շուրջ նստենք, բացատրեմ ինչն-ինչոց է, սա լրատվամիջոցներով խոսելու բան չէ:
Ազգային արխիվի 300 աշխատակից պահանջում է չեղյալ համարել հրամանն ու թույլ տալ, որ գոնե մինչև նոյեմբեր Ամատունի Վիրաբյանը շարունակի պաշտոնավարել ու ինչպես իրենք են ասում՝ պատվով թոշակի գնա: