Աշոտ Բլեյանը նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը: «Հենց հասկանամ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ամենաերիտասարդը չեմ, ամենաակտիվը չեմ, ամենամտածողը չեմ, նախարարության ուղարկած ծանուցումը տեղին կլինի»,- հայտարարեց Բլեյանը:
Սեպտեմբերի 7-ից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենն այլևս չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Պատճառը հենց այսօր լրացած 65-ն է, ինչը ՊՈԱԿ-ների մասին օրենքով թույլ չի տալիս տնօրեն լինել: Ես առողջ եմ,- վստահեցնում է Բլեյանը, սա փաստող թեստերից մեկն էլ այսօր առավոտյան է հանձնել. Լուսաբացին՝ ժամը 4-ին, ոտքով անցել է հանրապետության հրապարակից Բանգլադեշ, ինչպես ինքն է ասում՝ դրախտի ճանապարհը:
Աշոտ Բլեյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն - Ես աշխատում եմ այդ ռեժիմով, այսինքն` ես առողջության թեստը հանձնել եմ: Այսինքն` մարդիկ գիտեն չէ՞ առողջության խնդիր կա, թե՞ չէ, աշխատունակության խնդիր կա՞, թե՞ չէ, խելքի խնդիր կա՞, թ՞ե չէ: Ես այնպես խաղաղ եմ, չեք պատկերացնի, այսպիսի խաղաղ սեպտեմբերի 4 վաղուց չեմ ունեցել, որովհետև խաղաղությունը դա նաև ներքին հոգեվիճակ է, ուժ:
Տարեդարձը նշում է սեբաստացիների հետ: Մրցույթներ են անցկացնում, ինչպես միշտ: Լրատվամիջոցներին հրավիրել է, որ այս ամենը տեսնեն և ասի. «Պատրաստ է, ի վիճակի է և պիտի աշխատի»:
Կրթահամալիրը պատրաստվում է ուսումնական տարվա մեկնարկին: Սեպտեմբերի 8-ին ծնողական, ուսուցչական համայնքով հերթական, ամենշաբաթյա ժողովն են գումարելու: Կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը դառնա հիմնադրամ, որպեսզի Բլեյանը մնա տնօրեն:
Աշոտ Բլեյան. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն - Հանրային աջակցությունը շատ կարևոր է մեր դեպքում, որովհետև մենք հանրային բաց դպրոց ենք: Ունենալով հնարավորություն մասնավոր դպրոց ստեղծելու` ես գիտակից գնացել եմ հանրային դպրոց ստեղծելուն:
Մխիթար Սեբաստացին բրենդ է,- վստահեցնում է Բլեյանը, հեղինակային մանկավարժություն, որ նաև դեպի արհեստներ ու արվեստ է տանում: Սպասենք, ասում է, չեմ շտապում, բայց մտքում բացառում է, որ կառավարությունը խանգարի: