Հակահամաճարակային կանոնների երրորդությունը՝ դիմակ, ախտահանում ու սոցիալական հեռավորություն, արդեն մի քանի ամիս է մարդկանց կենցաղի անբաժան ուղեկիցն է: Դրանց պահպանում էլ առաջնահերթություն է թե՛ կառավարության, թե՛ մարդասիրական կառույցների, թե՛ մասնավոր հատվածի համար: Կառավարությունը և հայկական Կարմիր խաչի ընկերությունը մի քանի ամիս է համագործակցում են Քովիդի դեմ պայքարում, նաև աշխատում՝ գործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:
Հայկ Ավագյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական - Հիմա այդ համագործակցությունը տվեց ևս մեկ գործընկերոջ ներկայությունը, որը կոմերցիոն ընկերություն է՝ «Յանդեքս Գո» կազմակերպությունն է, որն ունի սոցիալական պատասխանատվություն վերջին հաշվով:
Մաքրությունն ու անվտանգությունը հանրությանը մատուցվող ծառայության կարևոր բաղադրիչներից են:
Ավետիս Գասպարյան, տաքսի ծառայություն մատուցող ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար - Բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Յանդեքս» տաքսիի հետ, կարող են գալ այս տաղավար, որը գտնվում է Բրազիլիայի հրապարակում և անվճար ախտահանում անցնել, որը տևում է 7-10 րոպե:
Սա վարակի տարածումը կանխարգելող ևս մեկ քայլ է,- ասում է տաքսի ծառայության ներկայացուցիչը:
Ավետիս Գասպարյան, տաքսի ծառայություն մատուցող ընկերության Հայաստանի գրասենյակի ղեկավար - Քանի որ հասարակությունը հաճախ է օգտվում տաքսիներից, այնպես անենք, որ մեքենաները լինեն մաքուր և ապահով:
Ախտահանումն էլ մեկ այլ ընկերություն է իրականացնում՝ սերտիֆիկացված նյութերով: Քանի դեռ մեքենան մաքրում են, վարորդը մոտենում է հարևան տաղավար՝ հայկական Կարմիր խաչի մոտ, գրանցվում, զինվում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ ինֆորմացիայի պաշարով, ստանում հասանելիք պարագաներն ու գիծ մտնում:
Լիանա Ավետիսյան, հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր - Վարորդները մոտենում են մեզ, ստանում են դիմակ, ալկոգել և իրազեկման թերթիկներ, որը նրանք կտան արդեն իրենց հաճախորդներին՝ անհրաժեշտության դեպքում:
Նոր ծառայությունից գոհ են նաև վարորդները: Գործընկերներին տեղը բացատրում ու հորդորում են գնալ, ախտահանվել:
Գագիկ Նավասարդյան, վարորդ - Գալիս եմ, ախտահանվում, շատ լավ է մտածված, հաճախորդներին էլ դիմակը բաժանում ենք, գոհ ենք մնում: Ով դիմակ չի կրում, ասում եմ` դիմակ դրեք:
Կառավարության ներկայացուցիչն էլ կրկին վարչապետի՝ մասնավոր հատվածին ուղղված կոչն է հիշեցնում՝ միանալ հակահամաճարակային պայքարին: Միասին՝ վարակին հնարավոր է հաղթել: