Հակոբ Արշակյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար - Մենք նախաձեռնել ենք կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման աշխատանքները, որտեղ նախևառաջ կտեղայնացվեն միջազգային այն գործող պրակտիկաները և ստանդարտները, որոնք կիրառվում են: Կան, իհարկե, պարզ քայլեր, թե ինչպես պաշտպանվել հատկապես սոցիալական ցանցերում. մենք այդ մասին նախաձեռնել ենք որոշակի գրագրություն մեր պաշտոնատար անձանց հետ: Բայց իմ ասածը ավելի շատ վերաբերում է ինստիտուցիոնալ դաշտի զարգացմանը, և այդ առումով մենք արդեն այս տարի նորություններ կունենանք:
Խոսքը պետական կամ աշխատանքային գաղտնիք համարվող տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարի մասին է, որը վերջին ամիսներին գլխացավանք է դարձել նաև հայաստանյան պետական կառավարման համար: Սոցիալական հարթակների անվտանգության և նաև դրանց միջոցով օրինական փող վաստակելու՝ Հայաստանի քաղաքացիների հնարավորության մասին «Լուրեր»-ի հարցին նախարարն ասաց, որ մի քանի ուղղությամբ աշխատանք է տարվում:
Հակոբ Արշակյան - «Յութուբի» մասով, այո, բանակցություններ վարվում են, քանի որ բանակցություններ են վարվում, շատ չենք մանրամասնում, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բանակցություններ վարվում են և աշխատանքներ տարվում են մի քանի ուղղություններով: Հուսամ, որ մենք այս տարի որոշակի նորություններ կունենանք և այդ մասին կհրապարակենք:
Գործունեության ամփոփիչ խոսքում Հակոբ Արշակյանը մատնանշում է հատկապես ռազմարդյունաբերության ոլորտը: Հայաստանում սկսվել է 82 մմ տրամաչափի ականանետների և արկերի փորձնական արտադրություն, իրականացվել են փորձարկումներ և առաջիկայում նախատեսվում է անցում կատարել սերիական արտադրության: Իրականացվել են հարվածային անօդաչու թռչող սարքերի հաջողված փորձարկումներ՝ այդ թվում նաև տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ:
Հակոբ Արշակյան - Զինամթերք և զինատեսակներ կան, որոնք Հայաստանում արտադրվում են և մատակարարվում են պաշտպանության նախարարությանը: Պատրաստվում ենք ավելի ինստիտուցիոնալ կերպով հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը թե՛ ստանդրատների, թե՛ վերահսկողության և թե՛ որակի տեսանկյունից որոշակի գործիքակազմ կիրառել, որից հետո էլ ավելի կակտիվացնենք արտաքին շուկաներ դուրս գալու մեր հնարավորությունների օգտագործման մեխանիզմները:
Նախարարի խոսքով՝ մշակվել է թվայնացման 2020-2025 թթ․ ռազմավարության նախագիծը, սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները, որոնց մասին մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան