ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրն այն մասին, որ ցանկանում է իր պատկերով քանդակը տեղադրել Հարավային Դակոտայի Ռաշմոր լեռան վրա Ամերիկայի չորս նախագահների քանդակների կողքին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Սա կեղծ լուր է, որը տարածում են ցածր վարկանիշ ունեցող New York Times և CNN լրատվամիջոցները»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ երբևէ նման առաջարկ չի արել: Միաժամանակ, Թրամփին այդ գաղափարը շատ է դուր եկել, քանի որ կարծում է, որ արժանի է դրան իր նախագահության առաջին 3,5 տարում արած մեծ գործերի համար:
Ավելի վաղ The New York Times-ը, վկայակոչելով Հանրապետական կուսակցության աղբյուրներին, հաղորդել էր Հարավային Դակոտայի նահանգապետի հետ Թրամփի խոսակցությունը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ կցանկանար իր դիմաքանդակը տեսնել Ամերիկային հիմնադիր հայրերի՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի քանդակների կողքին, որոնք տեղադրվել են 1927-1941 թվականներին: