Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 10 տարվա մեջ առաջին անգամ չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին՝ հայտնում է Bleacher Report-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ հենց Կրիշտիանուն: Սակայն, չնայած հաղթանակին, «Յուվենտուսը» լքեց պայքարը՝ արտագնա խաղում խփված գոլի պատճառով: Առաջին խաղում «Լիոնը» 1:0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»:
Մինչ այս Ռոնալդուն ՉԼ-ի քառորդ եզրափակիչ դուրս չէր եկել 2010 թվականին, երբ հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: Այն ժամանակ «Արքայական ակումբը» չկարողացավ հաղթահարել «Լիոնի» արգելքը 1/8 եզրափակչում: