Հուլիսի 30-ին անցկացվել է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը: Արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության բաժնի ղեկավար Անդրեա Բաջիոլին, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի հաղորդակցության պատասխանատու Տատյանա Դերեվյանկինան, Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող ՀՀ համայնքների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունել են Անդրեա Բաջիոլին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դաշնագիր ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանում Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրել է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների և Ծրագրի կողմից կազմակերպված միջոցառումները:
Միջոցառման ընթացքում հայտարարվել են Ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպված 4 վիրտուալ մրցույթների 12 հաղթողները, ինչպես նաև համայնքներում վիրտուալ միջոցառումների առավել ակտիվ կազմակերպիչները:
«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվել է հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվել է վիրտուալ եղանակով:
Իհարկե, այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակել է շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն, միևնույն ժամանակ, հնարավորություն է ընձեռել հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:
Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվել են Հայաստանի 15 համայնքներում, որոնցից տասներեքը Դաշնագրի անդամներ են, իսկ երկուսը նախատեսում են միանալ նախաձեռնությանը: Հայաստանում կազմակերպվել են 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ (ԵՄԿԷՇ) նախաձեռնությունը մեկնարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին: Այդ նախաձեռնության ընթացքում աշխարհի 60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն: