Մինչ Ադրբեջանը Տավուշի խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ փորձում էր ստուգել Հայաստանի ռազմական կարողությունները, Եվրախորհրդարանի յոթ քաղաքական խմբակցությունների 29 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին։ Պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում օգտագործել բոլոր լծակներն Ադբրեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական ու արդյունավետ միջոցներ գործի դնելու համար:
Եվրապատգամավորներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք։ Նրանց նամակում նշված է.
«Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն լծակներն օգտագործի վստահության իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:
Կոստաս Մավրիդես, ԵԽ պատգամավոր, նախաձեռնության հեղինակ - Նախաձեռնեցի նամակ ուղարկել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաններին՝ ելնելով Հայաստանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներից: Մտահոգիչ է Հայաստանի դեմ Ադրբեջանում օր օրի աճող ատելության խոսքը և հռետորաբանությունը։ Իրավիճակը պետք է անհանգստացնի նաև ԵՄ-ին, եթե հարևան երկրում խաղաղություն չկա, ԵՄ-ն չի կարող հանգիստ լինել։
Ստելիոս Քուլօղլու, ԵԽ պատգամավոր - Ադրբեջանը և Հայաստանը մեր հարևաններն են, և նրանց միջև առկա հակամարտությունը վերաբերում է նաև ԵՄ-ին։ Տարիներ շարունակ ձգվող այս հիմնախնդիրը խաղաղ կարգավորումից բացի այլ լուծում չի կարող ունենալ, և ես ստորագրել եմ նամակը՝ հանուն խաղաղության սատարելով խաղաղասիրական բոլոր նախաձեռնություններին։
Եվրոպացի քաղաքական գործիչներին Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողություններից բացի մտահոգում է այս ամենի հետևում կագնած և ջատագով մեծ եղբայր Թուրքիայի կեցվածքը։
Ջորջ Դալման, Բելգիայի Ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր - Թուրքիան իր ագրեսիվ, ազգայնական և իսլամիստ առաջնորդի նախաձեռնությամբ ոչ միայն սատարում է Ադրբեջանին, այլև կոնֆլիկտներ հրահրում հարևան բոլոր երկրներում` Սիրիա, Լիբիա, Հայաստան։ Եվրոպան պետք է աչքերը բացի և հստակ ոչ ասի այս ամենին։
Կոստաս Մավրիդես, ԵՄ պատգամավոր - Ցավալի է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի կեցվածքը և շարունակում նույն պահվածքը, ինչ որդեգրել է մեկ դար առաջ։ Մի երկիր, որը ո՛չ առերեսվել է իր պատմության հետ, ո՛չ էլ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Արդար և անկողմնակալ լինելն այս օրերին կենսական նշանակություն ունի, և Եվրոպան պետք է հակադարձի։
Եվրախորհրդարանի պատգամավորներից բացի Բելգիայի նախկին ու ներկա խորհրդարանականներից կազմված Արցախի՝ ֆրանսախոս բարեկամության խումբը ևս հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբի նախագահ քաղաքական գործիչ Անդրե դու Բուսն այսօրվա նման հիշում է իրենց առաջին այցն ու խումբ ստեղծելու հիմնական շարժառիթը։
Անդրե դու Բուս, Արցախի բարեկամության խմբի նագախահ - Արցախում մենք տեսանք, թե ինչ վերելք է ապրում ժողովրդավարությունը։ Հանդիպեցինք մարդկանց, որոնք վճռական էին հիմնախնդիրը կարգավորել խաղաղ պայմաններում և, որ ամենակարևորն է, երկու կողմերի իրավունքները հարգելու պայմանով։ Սա մեզ հիացրեց, և այդ օրվանից մենք անմնացորդ նեցուկ ենք Արցախի ժողովրդին։
Եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքով՝ Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում կարևոր է ոչ միայն Կովկասի պետությունների, այլև հենց Եվրոպայի համար։
Բերնարդ Քուլի, Արցախի բարեկամության խմբի անդամ, Լյուվեն Համալսարանի նախկին ռեկտոր - Եվրոպան պետք է հստակ և միասնական դիրքորոշում ունենա Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, որը հավասապարես պետք է ազդի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի վրա։ Առաջին բանը, որ Եվրոպան պետք է պարտադրի, Արցախը բանակցությունների կողմ լինելն է, այլապես Արցախի հարցը քննարկվում է առանց Արցախի։ Սա հիմնախնդրի կարևոր հիմնաքարերից մեկն է։
Կա մի քանի պատճառ, թե ինչու է Եվրոպան վարանում կոշտ ու հստակ հայտարարություններով հանդես գալ: Դրանցից առաջինն ու ամենաազդեցիկը տնտեսական բախվող շահերն են։
Անդրե դու Բուս, Արցախի բարեկամության խմբի անդամ, Լյուվեն Համալսարանի նախկին ռեկտոր - Եվրոպան տնտեսական շահերի բախման խաչմերուկում է Ադրբեջանի հետ, ինչն էլ երբեմն ստվեր է գցում մարդու իրավունքների նման եվրոպական հիմնարար արժեքները հարգելու վրա։ Ադբրեջանի վերջին գործողությունները Հայաստանի ռազմական կարողությունները փորձարկելու ուղղությամբ էին։ Եվրոպան պետք է առաջին ջատագովը լինի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։
Ջորջ Դալման, Բելգիայի Ֆեդերան խորհրդարանի պատգամավոր - Ռուսաստանի դերը շատ կարևոր է և իրենից շատ բան է կախված հատկապես տարածաշրջանում հրադադարի կայունության հարցում։
Եվրոպայի մեր հայ հայրենակիցներն Արցախի ու Հայաստանի կողքին լինելու իրենց վճռականությունն այս օրերին էլ ցուցաբերեցին։ Իսկ այս պատգամավորների հետ բարեկամական կապերը հաստատվել են երկար տարիների աշխատանքի և, իհարկե, Արցախի ժողովրդավար ու վճռական կեցվածքի շնորհիվ, ինչը ևս մեկ անգամ դրսևորվում է, որպես կարևոր աջակցություն Հայաստանին ու Արցախին։