ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բուհական ընդունելության քննությունների թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, պատգամավորներ, ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քննարկումն առնչվում է դրական միավոր ստացած, սակայն չընդունված դիմորդների բողոքին: Նշվել է, որ բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել, իսկ 7.5-8 միավոր ստացածներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:
Պատգամավորները կարծիք են հայտնել, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ շփոթության տեղիք է տվել:
Քննարկման մասնակիցները հնչեցրել են բազմաթիվ հարցեր, ներկայացրել առաջարկներ: Մասնավորապես, առաջարկ է հնչել պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար նախատեսել լրացուցիչ տեղեր: Որպես օրինակ` մատնանշվել է արտասահմանցի ուսանողների համար նախատեսված տեղերը:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այս պահին առկա է 11.000 թափուր տեղ, իսկ դրական միավորներով չընդունված դիմորդները 739-ն են: Նրանց առաջարկվել է մասնակցել ընդունելության երկրորդ փուլին: Ըստ նրա՝ 500-ից ավելի դիմորդ արդեն դիմել են. արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:
Անդրադառնալով առաջին հայտին գերակայություն տալու որոշման ոչ պատշաճ իրազեկման հարցին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ դիմորդներն առցանց չէին կարող լրացնել դիմում-հայտը՝ առանց հաստատելու, որ կարդացել են ծանուցումը, որտեղ էլ նշված է եղել գերակայությունն առաջին հայտին տալու մասին տեղեկատվությունը: Բացի դրանից՝ պատրաստվել է ընդունելության քննությունների փոփոխությունների մասին տեսահոլովակ, որը ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերով:
ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, պատասխանելով պատգամավորների՝ լրացուցիչ տեղեր ավելացնելու առաջարկին, տեղեկացրել է, որ այս տարի՝ նախքան ընդունելության քննությունները, ըստ բուհերի ներկայացրած պահանջարկի՝ նախապես լրացուցիչ տեղեր ավելացվել են:
Ամփոփելով քննարկումը՝ պատգամավորներն ընդգծել են, որ կլինեն հետևողական և կաջակցեն խնդրի լուծման տարբերակներ գտնելուն: