Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին: Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ, և ավելի քան 200000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին՝ հակամարտությունը կարգավորելու համար»,- գրել է Մ.Հայրապետյանը: