Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի նկատմամբ Հաագայի դատարանը ներկայացրել է պատերազմական հանցագործությունների մեղադրանք:
Մասնակիորեն ճանաչված հանրապետության ղեկավարը չի ընդունում իր մեղքը և մտադիր է ապացուցել, որ պատերազմի ընթացքում չի խախտել միջազգային օրենքները:
Թաչիին ներկայացված մեղադրանքները կապված են 1998-1999 թվականներին Կոսովոյում էթնիկ ալբանացի անջատողականների և Սերբիայի միջև զինված բախումների հետ: Հաստատվել է, որ Կոսովոյի ազատագրական բանակի անդամները, որոնք պայքարել են անկախության համար, կատարել են պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ:
Թաչին մեղադրվում է կոսովյան ալբանացիների հակառակորդների՝ սերբերի, գնչուների, ինչպես նաև իր քաղաքական հակառակորդների սպանությունների, առևանգումների, խոշտանգումների համար: