Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մեղադրվում է պատերազմական, ինչպես նաև մարդկության դեմ կատարած հանցագործությունների, այդ թվում՝ հարյուրավոր սպանությունների, բազմաթիվ խոշտանգումների, առևանգումների և քրեական հետապնդումների համար: Այս մասին այսօր հայտարարել է Հաագայի դատարանը, որն զբաղվում է Կոսովոյում ռազմական հանցագործությունների քննությամբ:
Հաշիմ Տաչիից բացի մեղադրանք է ներկայացվել նաև նախկին 9 գրոհայինի: Հստակեցվել է, որ նրա կառավարման ընթացքում զոհվել են հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ Կոսովոյի ղեկավարի քաղաքական հակառակորդները:
Դատարանը քննում է 1998 և 2000 թվականների ընթացքում սերբերի, գնչուների և ալբանացիների նկատմամբ կատարված հանցագործությունները:
Հաշիմ Տաչին Կոսովոյի ազատագրման բանակի հիմնադիրն է, որը պայքարում էր Սերբիայից անկախության համար: 2008 թվականի փետրվարի 17-ին նա եղել է Կոսովոյի անկախության գլխավոր նախաձեռնողներից մեկը: 2016-ի սկզբին Տաչին դարձավ հանրապետության նախագահ: 2008-2014 թվականներին նա եղել է Կոսովոյի վարչապետը, 2014-ից մինչև 2016-ը՝ առաջին փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը Իսա Մուստաֆայի կառավարությունում:
Կոսովոյի Հանրապետությունը մասամբ ճանաչված պետություն է Բալկանյան թերակղզում: Հիմնական բնակչությունը ալբանացիներ են: Համաձայն վերջին տվյալների՝ հանրապետության անկախությունը ճանաչել է մոտ հարյուր երկիր, այդ թվում ՝ Եվրամիության 27 անդամից 22-ը: Կոսովոն, սակայն, ՄԱԿ-ի անդամ չէ: