Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA), «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ, 13 ամսում հետևել է լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019 թ․ փետրվարի 26-ից մինչև 2020 թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգում մասնակցել են 319 դատական նիստի։
Որոշակի պատիժ ստացող լրագրողների 78 տոկոսը մեղադրվում է ահաբեկչության հետ կապի համար։ Նման դատական գործերի 74 տոկոսի դեպքում լրագրողների դեմ որպես ապացույց են օգտագործվում նրանց լրագրողական գործունեության շրջանակներում կատարված գործողությունները։
MLSA տնօրեն Վեյսել Օքը նշել է, որ Թուրքիայում լրագրությունը շարունակաբար կապվում է ահաբեկչության հետ։ «Այդ դատական գործերի մեծ մասի հիմնական ապացույցները լրագրողների՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումներն են, լուրերը, հոդվածները կամ հեռուստահաղորդումները։ Եվ իսկապես, չափազանց փոքր է այն դատական գործերի թիվը, որոնք ավարտվում են մեղադրյալի արդարացմամբ»,- նշել է Օքը։
Զեկույցում արձանագրվել է, որ լրագրողների դեմ տարվող դատավարությունները անարդար են, և ահաբեկչության հետ կապի մեղադրանքների պատճառով լրագրողները ենթարկվում են պատիժների ու խոշոր տուգանքների:
Վեյսել Օքը հիշեցրել է, որ Թուրքիան դարձյալ այն երկրներից է, որտեղ ազատազրկված լրագրողների թիվն ամենից մեծն է։ Երկրում խախտվում են արդար դատավարության սկզբունքները, դատավորները չեն ենթարկվում միջազգային իրավունքի նորմերին և երկրի Սահմանադրության պահանջներին։
Կազմակերպությունը պատրաստվում է իր զեկույցը ներկայացնել նաև Թուրքիայի արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին։