Խորհրդարանական իշխող ուժը վստահ էր, որ ապահովման կամ միջանկյալ միջոց ՍԴ երեք նախկին անդամների և դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդության հիման վրա չի կիրառի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Սրա մասին այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Դիմումատուները, մասնավորապես, դատարանին միջնորդել էին կասեցնել Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են հունիսի 26-ից:
«Լուսավոր Հայաստանի» համար կանխատեսելի էր ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը: Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ միջանկյալ միջոց Ստրասբուրգի դատարանը հիմնականում կիրառում է այն ժամանակ, երբ անձի առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով էլ՝ Հայր Թովմասյանը պետք է դադարեցնի պաշտոնավարել:
«Բարգավաճ Հայաստանից» չցանկացան մեկնաբանել ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, որ դա իր ոլորտը չէ, և մեր հարցերին կարող է պատասխանել միայն Գևորգ Պետրոսյանը: Նա, սակայն, խորհրդարան չէր եկել: Արդարադատության նախարարությունում էլ կարծում են, որ ՍԴ նախկին անդամների և Հրայր Թովմասյանի միջնորդության հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու ոչ հիմք, ոչ էլ անհրաժեշտություն չկար:
ՍԴ արդեն նախկին երեք դատավորի և Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունը դադարել է հունիսի 26-ից: Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց Սահմանդրության փոփոխություններ: Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել՝ որպես դատավոր: