Եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ՆԱՏՕ-ն չի միջամտի: Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը՝ հայտնում է Vesti-ն:
Ըստ զինվորականի՝ մի պատճառն այն է, որ Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Մյուսը՝ որ դաշինքի որոշ անդամներ, օրինակ՝ Գերմանիան և Թուրքիան, ամուր տնտեսական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ և չեն ցանկանա ընդդիմանալ Մոսկվային: «Նույնիսկ ԱՄՆ-ում իմ սեփական նախագահը պատշաճ ճնշում չի գործադրում Կրեմլի վրա»,- ասել է Հոջեսը:
Հուլիսի 6-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան խոստացել էր, որ ուկրաինական նավատորմը կվերադառնա Սևաստոպոլ: Նա նաև ասել էր, որ ուկրաինական ռազմանավերը պատրաստվում են Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների: Ըստ նրա՝ Կիևը սպասում Ռուսաստանի բանակի հարձակմանը Խերսոնի շրջանում: Կրեմլում հրամանատարի խոսքերը համարել են հիմարություն և Ուկրաինայում հակառուսական հիստերիայի արհեստական աճ:
Ուկրաինայի կառավարությունը վարում է դաշինքին միանալու քաղաքականություն: Մայիսին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացավ, որ հանրաքվե կանցկացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, երբ ուկրաինացիները պատրաստ լինեն դրան: