Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը երկու ամսով ձերբակալել է «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» պարբերականների նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին, որը վերջին երկու ամսում եղել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդականը: Սաֆրոնովին կասկածում են դավաճանության մեջ, հայտնում է BBC-ն:
Ըստ Սաֆրոնովի փաստաբան Պավլովի՝ «Քննիչը հայտարարել է, որ Իվանին կասկածում են չեխական հատուկ ծառայություններում ներգրավվածության մեջ, որոնք էլ, իրենց հերթին, կապված են ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ»: Փաստաբանի կարծիքով՝ Սաֆրոնովի «հետապնդումները պայմանավորված են նրա մասնագիտական գործունեությամբ»:
Պետական անվտանգությանն ու պետական գաղտնիքներին վերաբերող գործերը դատարանները քննում են փակ դռների հետևում: Գաղտնի են պահվում նաև հետաքննության նյութերը, ինչը նշանակում է, որ անվտանգության ուժերը չեն ներկայացնի, թե որոշակի ինչի համար է մեղադրվում Սաֆրոնովը:
Դատարանը, հետաքննության պահանջով, Սաֆրոնովին ձերբակալել է երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 6-ը: Մեղավորությունը հաստատվելու դեպքում նրան սպասվում է 12-20 տարի ազատազրկում և մինչև 500 հազար ռուբլի տուգանք:
Սաֆրոնովի նախկին գործընկերները ակցիա են իրականացնել նրա պաշտպանության համար: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ երկու տասնյակ ցուցարարի: