«Մարտի 1»-ի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն անդրադարձավ դատարանի դահլիճում գործածվող տերմինաբանությանը, մասնավորապես, ամբաստանյալների պաշտպանների վիրավորական հայտարարություններին: Դատախազն ասաց, որ հաճախ իրենք լռում են, քանի որ չեն ցանկանում դատական նիստը լցնել նման արտահայտություններով, չեն ցանկանում ձևափոխել ու խեղաթյուրել: «Դատական նիստը տապալելու դասական օրինակ է այսօրվա դատական նիստում շատ պաշտպանների ելույթներ»,- ասաց Պետրոսյանը՝ բերելով մի քանի օրինակ, դրանք որակելով իրավունքի չարաշահում:
Դատախազն անդրադարձավ իրենց ներկայացրած միջնորդությանը՝ պաշտպանների գործողություններն իրավունքի չարաշահում ճանաչելու մասին: «Մեր միջնորդությունը ուղղված չի եղել և ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը, իրավունքն իրացնելու խոչընդոտելուն: Դրա վկայությունն այսքան ժամանակ տեղի ունեցած դատական նիստերն են, այդ նիստերում քննարկումները: Այն, որ մենք անընդհատ խոսել ենք իրավունքի չարաշահման մասին: Բայց այս միջնորդությունը չենք ներկայացրել սահմանափակման համար, որովհետև մենք տեսել ենք իրավունքի չարաշահումը կա, բայց հասկացել ենք, որ դա ունի ողջամտության սահմաններ: Հիմա սակայն հասել ենք մի տեղի, որ ողջամտության սահմաններն անցնում են»,- շեշտեց նա: