Երևանի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Դատարանը քննում է մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, դատական նախորդ նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին ճանաչել ամբաստանյալների պաշտպանների՝ միջնորդություններ ներկայացնելու գործողությունները դատավարական իրավունքի չարաշահում, ինչի հետևանքով նիստերը ձգձգվում են, սահմանափակել դատական նիստին միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննարկումը դիտարկեց որպես պաշտպանության իրավունքի սահմանափակում, դատավոր Դանիբեկյանի գործողություները՝ անօրինական: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պաշտպանը գործի քննության վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց:
Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն առարկություն ներկայացրեց մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ՝ նշելով, որ այն անտեսում է քրեական դատավարության ընթացակարգերը և զրկում ամբաստանյալներին պաշտպանության իրավունքից: Պաշտպանը նշեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունները եղել են բովանդակային, քննվել են դատարանի կողմից, դրանց վերաբերյալ կայացվել են բովանդակային դատական ակտեր՝ անկախ նրանից, իրենք համաձա՞յն են եղել, թե՞ ոչ: Հետևաբար, ըստ Խուդոյանի, մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունն անհիմն է: