«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսիակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ:
«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:
«Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։
Առողջ եղեք»,- ասված է Գաբրիելյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի շուտ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝
-
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով.
-
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանք` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով: