Փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝
-
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով.
-
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանք` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները և պահանջները խախտելու վարչական իրավախախտումը:
Նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը՝ անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ: Այս նախագծով նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետևանքները:
Նախագիծը խորհդարանում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նախագծերի փաթեթը մշակվել է ոստիկանության և արդարադատության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ առայժմ դիմակ կրելու կանոնները, պահանջները խախտելու տուգանքը 10 հազար դրամ է: