Կորոնավիրուսային պանդեմիան բառացիորեն սնանկացրել է վրացական թատրոնը և ամբողջ ոլորտը մտցրել փակուղի՝ թողնելով նրանց առանց հանդիսականի և ներկայացումների, հայտնում է sputnik-georgia-ն:
Մինչ իշխանությունները որոշում են, թե երբ և ինչ պայմաններում թույլատրել թատրոնների աշխատանքը, վրացական թատրոնները գտել են ելքը և, հակառակ համաճարակին, որոշել են տեղավորվել բաց երկնքի տակ: Հուլիսի 7-ից ներկայացումները կանցկացվեն մայրաքաղաքի Վակե զբոսայգում:
Նոր նախագիծը կոչվում է «100 աթոռ երկնքի տակ», իսկ ներկայացումները կցուցադրվեն շաբաթական երեք անգամ՝ ժամը 22: 00-ին:
Ցանկացողները կարող են տեսնել վրացական տարբեր թատրոնների ներկայացումներ:
Կազմակերպիչները խոստանում են, որ բոլոր միջոցառումներն անցկացվելու են՝ հաշվի առնելով առողջապահության նախարարության առաջարկությունները: Եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, տոմսերը կվերադարձվեն: