Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Նյու Յորքի իշխանությունների որոշմանը՝ քանդել պետության 26-րդ ղեկավար Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը: «Հիմարություն է, մի՛ արեք դա»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:
Ռուզվելտի բրոնզե արձանը ձիով՝ շրջապատված բնիկ ամերիկացիներով և աֆրիկացիներով, գտնվում է Բնական պատմության ամերիկյան թանգարանի մուտքի մոտ: Քաղաքային իշխանություններն աջակցել են հուշարձանը ապամոնտաժելու մասին որոշումը, որն առաջարկել էր թանգարանը: «Սա ճիշտ որոշում է և ճիշտ ժամանակն է հեռացնելու այս խնդրահարույց արձանը»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն: Նշվում է, որ շատերի համար հուշարձանը գաղութատիրության և ռասայական խտրականության ժառանգության խորհրդանիշ էր:
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան քաղաքներում ռասիզմի դեմ բողոքները ավելի ու ավելի են հանգեցնում հուշարձանների պղծմանն ու ոչնչացմանը: Քանդվում են ոչ միայն Կոնֆեդերացիայի գործիչների, այլև, օրինակ, Ամերիկան հայտնաբերած Քրիստոֆեր Կոլումբուսի, Միացյալ Նահանգների առաջին նախագահի ու հիմնադիրներից մեկի՝ Ջորջ Վաշինգտոնի, ինչպես նաև ազգային օրհներգի հեղինակ Ֆրանսիս Սքոթ Քիի արձանները: