Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որով քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի։
Ըստ որոշման՝ Դեմիրթաշի կալանավորման ողջամիտ ժամկետը վաղուց սպառվել է, հետևաբար խախտվել են նրա անձնական ազատության և անվտանգության իրավունքները։ ՍԴ-ի որոշմամբ՝ Դեմիրթաշն իր իրավունքների ոտնահարման համար 50․000 լիրայի՝ մոտ 7300 ԱՄՆ դոլարի բարոյական փոխհատուցում պետք է ստանա։ Գումարը վճարելու են Թուրքիայի գանձապետարանն ու ֆինանսների նախարարությունը։
Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016 թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։