Հնդկական բանակի երկու տասնյակ զինծառայող է զոհվել Հնդկաստանի և Չինաստանի սահմանային Լադակհեում փոխհրաձգության ժամանակ: Նշվում է, որ 17 ծանր վիրավոր զինվոր է մահացել: Դրանից առաջ հաստատվել էր ևս երեքի մահը: Հայտնի է, որ երկու կողմը լքել է բախման վայրը:
Հնդկական ANI գործակալությունը հաղորդել էր, որ չինական կողմը 43 մահացած և ծանր վիրավոր զինվոր ունի: Դելին համոզված է, որ կրակել սկսել են չինացիները՝ փորձելով միակողմանի փոխել ստատուս քվոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև վիճելի սահմանում: Կողմերը միմյանց մեղադրում են սահմանային գիծը հատելու և պայմանավորվածությունները խախտելու համար:
Այժմ աշխարհի երկու առավել բնակեցված երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը, բաժանված են պայմանական գծով, որը կոչվում է «ՄակՄագոն գիծ»՝ Բրիտանական Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղարի անունով, որն առաջարկել է այս սահմանը 1914 թ.: Հնդկաստանը և Դալայ լամայի (Տիբեթի պետության փաստացի առաջնորդը) կառավարությունը ճանաչել են գոյություն ունեցող սահմանը, իսկ Չինաստանը՝ ոչ, և այդ մասին հայտարարվել է 1959 թվականի պաշտոնական դիվանագիտական նոտայում:
Դրանից հետո ձեռնարկվել են խնդրի լուծման բազմաթիվ փորձեր, սակայն չինա-հնդկական երկու՝ 1993 և 1996 թվականների համաձայնագրերը հաջողություն չունեցան: Սահմանային տարածքի երկու հատվածները Քաշմիրի հյուսիսարևելյան մասում և Արունաչալ- Պրադեշ նահանգի հյուսիսում, դեռևս վիճահարույց են: