Մեկ շաբաթից ավելի է, ինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի երևում, նորից անհետացել է միջազգային հանրության տեսադաշտից:
Կիմ Չեն Ընին վերջին անգամ տեսել են հունիսի 7-ին, երբ նա մասնակցում էր Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղխորհրդի նիստին: Դրանից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:
Միաժամանակ, գրեթե ամեն օր հայտարարություններով է հանդես գալիս Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Ի Չժոնը: Նա վստահեցնում է, որ «իրականացնում է գերագույն առաջնորդի կողմից իրեն լիազորված իշխանությունը»:
Ըստ լրատվամիջոցների` ԿԺԴՀ ղեկավարն, իբր, հատուկ է մի կողմ քաշվել Փհենյանի և Սեուլի միջև ստեղծված լարված իրավիճակից: Հունիսի 16-ին ԿԺԴՀ-ն պայթեցրել է միջկորեական հաղորդակցական կենտրոնը սահմանամերձ Քեսոն քաղաքում: Ըստ տեղեկությունների` Հարավային Կորեայի կառավարությունը մոտ 8,6 միլիոն դոլար է ծախսել կապի գրասենյակի շինարարության վրա, որը սկսել էր 2003 թվականից:
Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում էին զորք ուղարկել Հարավային Կորեայի հետ սահմանային ապառազմականացված գոտի:
Դեռևս հունիսի 15-ին Փհենյանը նախազգուշացրել էր Սեուլին, որ պատրաստվում է զինված ուժերով պատասխանել Կորեական Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը վիրավորող քարոզչական թերթիկներ տարածելու համար: