Թուրքիայում տասնյակ ոստիկաններ շրջափակել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի նահանգային կառույցի շենքը։ Ոստիկաններն արգելել են կուսակցության Վանի ավագանու անդամների և կուսակցության շրջանային ղեկավար կազմի մուտքը շենք։
Ոստիկանությունը որպես շրջափակման պատճառ է ներկայացրել կուսակցության նահանգային գրասենյակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանդիպումը։
Հունիսի 15-ին Հաքքարի և Էդիրնե շրջաններից մինչև մայրաքաղաք Անկարա մեկնարկած «Հեղաշրջման դեմ ժողովրդավարական երթի» համար նախօրեին Վան էին ժամանել կուսակցական գործիչներ:
Վանի նահանգապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունիսի 13-ին հայտարարել էր Վան քաղաքի ելումուտն արգելելու մասին, սակայն կան ենթադրություններ, որ դա կապ ունի Վանում կուսակցության հնարավոր քայլերթը խոչընդոտելու հետ։