Կոտայքի մարզպետարանից հաղորդում են, որ նախօրեին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր: Փոխմարզպետի, խորհրդականի և համայնքի ղեկավարի հետ շրջել և դիտարկել են բազմաբնակարան շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
Բակերն ընտրվել են ըստ բնակիչների քանակի, և ընտրված գրեթե բոլոր բակերում տասնյակ տարիներ որևէ աշխատանք չի կատարվել:
Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ (2500 քմ մակերեսով) բակային հատվածներ 2-րդ թաղամասում։ Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կազմել է 10․000 քմ:
Ասֆալտապատմանը զուգահեռ բակերում ընթանում են նաև ընդհանուր բարեկարգման, եզրաքարերի թարմացման և այլ աշխատանքներ:
Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև աշուն:
Մեր համայնքների զարգացմանն ուղղված ծավալուն ծրագրերի իրագործման այս փուլում մարզպետն առաջնային է համարում որակական չափանիշները, այդ իսկ պատճառով մարզպետարանի համապատասխան մարմինների կողմից հաճախ են արվում մշտադիտարկումներ:
Մեր քաղաքացիներն արժանի են լավագույն պայմանների, և դրան այլընտրանք չկա: Հենց այս գիտակցումն է ընկած համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում։