Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Վարպետի ծննդյան օրն էլ մեկնարկում են 117-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի քարտուղար Սարգիս Նալղռանյանը։
Այս տարի ամբողջ աշխարհից տաղանդների բացահայտումը կանցկացվի ջութակահարների միջև։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը դարձել է ավանդական, և այն մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի մշակութային կյանքի համար։
«Ցավոք, այս օրերին մշակույթը մեծ կորուստներ է կրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, բայց ինչպես ՀՀ Կառավարությունն է հռչակել՝ թեև կորոնավիրուսը մեծ աղետ է աշխարհի համար, բայց մենք այս իրավիճակը պետք է օգտագործենք որպես հնարավորություն, և այս մրցույթի ժամանակ այն օգտագործվել է որպես հնարավորություն։ Մրցույթի կազմակերպիչներն օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում նաև՝ արհեստական բանականությունը՝ մրցույթը իրականություն դարձնելու և դրան նոր շունչ հաղորդելու համար։ Լուծումները շատ հետաքրքիր են»,- նշեց նախարարը՝ հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին և համոզմունք հայտնելով, որ այս մրցույթը լինելու է յուրօրինակ և հիշվելու է միշտ։
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը նշեց, որ Հայաստանը կարողացավ գտնել համահունչ հնարավորություն, որ հնչի Խաչատրյանի երաժշտությունը, ծանոթանանք նոր արվեստագետների, նոր անունների հետ։
«Այս վիճակում աշխարհն ապրում է տարբեր պրոբլեմներով՝ հիվանդություն և այլն, բայց երաժշտությունն ու արվեստն իր տեղը գտնում են, և կհիանանք տաղանդավոր երաժիշտներով։ Նաև մեծ հերոսություն է, որ Կառավարությունը հավատաց և աջակցեց այս մրցույթին, որովհետև ես ինքս մինչև վերջ կասկածում էի, թե ինչպես կարելի է կենդանի շունչը փոխարինել արհեստական բանականությամբ, ֆանտաստիկ նորություն է»,- նշեց Սմբատյանը՝ հավելելով, որ նոր էջ է բացվում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։
Մրցույթի ժյուրիի կազմը նույնպես լինելու է միջազգային, այն կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ջութակ Էդուարդ Թադևոսյանը։ Թադևոսյանի խոսքով՝ մրցույթն արդեն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների շարքում։
«Շատ համարձակ է մրցույթն անցկացնել հեռավար ձևաչափով, ուրախ եմ, որ երիտասարդներին հաջողվել է գտնել այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որոնք հնարավորություն են տալիս մեր մասնակիցներին Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրություններից ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակն ու հրամցնել մեզ։ Գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհին միշտ Արամ Խաչատրյանի երաժշտությունը հիշեցնելն է և բացահայտել ու սատարել տաղանդավոր երաժիշտներին»,- նշեց Էդուարդ Թադևոսյանը։