Այսօր կմեկնարկի արագ շախմատի հերթական՝ Clutch Chess Champions Showdown մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Ըստ շախմատիստների արագ շախմատի անհատական վարկանիշների՝ մասնակիցները բաժանվել են զույգերի: Քառորդ եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հաղթողին որոշելու համար մրցակիցները 12 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն: Հունիսի 7-ին կկայանան առաջին 6 պարտիաները, հունիսի 9-ին տեղի կունենան ավարտական 6 պարտիաները: Հավասար արդյունքի դեպքում կիսաեզրափակչի մասնակիցը կորոշվի կայծակնային մրցախաղում:
Մրցակարգի համաձայն՝ մինչև 60-րդ քայլն արգելվում է ոչ-ոքի առաջարկելը: 5-րդ և 6-րդ պարտիաներում հաղթանակի համար տրվելու է 2-ական միավոր, ոչ-ոքին գնահատվելու է մեկական միավոր: Իսկ 11-րդ և 12-րդ պարտիաներում հաղթողը կստանա 3-ական միավոր, ոչ-ոքիի դեպքում շախմատիստների օգտին 1,5-ական միավոր կգրանցվի:
Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են Մագնուս Կառլսենն ու Ջեֆրի Սյունը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան: Առաջին երկու զույգերի մրցախաղով վաղը կմեկնարկի մրցաշարը:
Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 265 հազար դոլար է: Հաղթողը կպարգևատրվի 50 հազար դոլարով, եզրափակչի մասնակիցը՝ 35 հազար դոլարով: Քառորդ եզրափակչում պարտված շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 15 հազար դոլար, իսկ կիսաեզրափակչում անհաջողության մատնվածները՝ 25-հազարական դոլար:
Բացի այդ, դրամական պարգևներ կխաղարկվեն 5-րդ և 6-րդ (2-հազարական դոլար) ու 11-րդ և 12-րդ (3-հազարական դոլար) պարտիաներում հաղթանակ տարած շախմատիստների համար: