«Երևանը Խաչատրյան է լսում». այս կարգախոսը Երևանի ամեն անկյունում է հնչում։ Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 117-ամյակն է։ Հայ դասական երաժշտության Վարպետը մեծ ավանդ է ունեցել հայ և համաշխարհային երաժշտարվեստում: Հունիսի 6-ին՝ նրա ծննդյան օրը, ևս մեկ առիթ է վերհիշելու մեծանուն դիրիժորի, կոմպոզիտորի ստեղծագործությունները։
1lurer.am-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ զրույցում տեղեկացավ, որ համավարակով պայմանավորված՝ տուն-թանգարանում այսօր, ցավոք, միջոցառումներ չեն կազմակերպել, բայց երաժշտասերների համար այլ անակնկալ են մտածել։
Համագործակցել են «Arloopa» ընկերության հետ և նախագիծ են իրականացնում թանգարանից դուրս։ Երևանի տասը տարբեր հատվածներում, օրինակ՝ Ա. Խաչատրյանի հուշարձանի տարածքում, Հանրապետության հրապարակում զբոսնելիս քաղաքացիները կարող են վայելել Խաչատրյանի տասը տարբեր ստեղծագործություններ՝ «Arloopa» հավելվածի միջոցով։ Նախագիծը կմեկնարկի այսօր և կտևի շուրջ մեկ ամիս։
Խաչատրյանը հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի երաժշտության հեղինակն է։ Հանրաճանաչ գործերից են «Գայանե», «Սպարտակ» բալետները, Դաշնամուրի կոնցերտը և այլ հայտնի ստեղծագործություններ։
Տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ նախքան համավարակը տարեցտարի ավելանում էր թանգարան այցելող ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղացիների թիվը, և անգամ այս ժամանակահատվածը չի խանգարում, որ հոգևոր արժեքներով զինվելով՝ նախագծեր իրականացվեն։ Շեշտեց՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, թեև այլ ձևաչափով, բայց կայանալու է։
«Արամ Խաչատրյանը խորհրդանիշ է․ նա խորհրդանշում է ոչ միայն հայ մշակույթը, հայ երաժշտությունը, այլև ընդհանրապես հային՝ որպես տեսակի։ Հային ողջ աշխարհում իրենով, իր ստեղծագործություններով են միշտ ճանաչել, և, վստահ եմ՝ դեռ երկար կճանաչեն և կվայելեն հայ մշակույթը»,- ասաց Գրիգորյանը։