Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հիշեցրեց, որ շուրջ երեք շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից իր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը կոչ էր անում տրանսպորտը գործարկել, որովհետև, ըստ նրա, մարդիկ այլևս չեն կարող այդպես ապրել, և տնտեսությունը կործանվում է, իսկ այսօր տրամագծորեն հակառակ կոչն է արվում։
Պատգամավորն անդրադառնալով դիմակ կրելուն ուղղված ոստիկանության վերջին օրերի գործողություններին՝ ասաց՝ վստահ է, որ ոստիկանությունը իրավաչափ է գործում։
«Ի վերջո, ոստիկանությունը հենց այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավասություն։ Եթե այդ իրավասությունը ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառել, եթե որևէ մեկը խախտում է մյուսի առողջ լինելու իրավունքը։ Ցանկացած մեկի դիմակ չկրելն այսօր խախտում է դիմացինի, նաև իր, հարազատների առողջ լինելու և կյանքի իրավունքը։ Եթե ոստիկանությունն այստեղ գործողություն չպետք է իրականացնի, ապա եկեք որևէ համեմատություն չանենք Վրաստանի հետ, որովհետև այնտեղ այն խիստ գործողությունները, որ ոստիկանությունն էր իրականացնում, ուղղակի համեմատելի չեն անգամ մեր ոստիկանական գործողությունների հետ»,- շեշտեց պատգամավորը։