ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը դատապարտել է ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը հանգեցրեց բողոքի ցույցերի Մինեապոլիսում և այլ քաղաքներում: Բաչելեթը նաև կոչ է արել պատժել մեղավորներին:
«ԱՄՆ իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն նման սպանությունները կասեցնելու և արդարադատությունն ապահովելու համար, պետք է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք ուժ են կիրառում»,- ասել է նա:
Բաչելեթը ողջունել է տեղի ունեցած միջադեպը հետաքննելու իշխանությունների որոշումը, բայց մտահոգություն է հայտնել, որ, ինչպես նախկինում շատ դեպքերում, այս հետաքննությունն էլ կարող է արդարացնել սպանությունը կասկածելի պատճառաբանություններով:
Բաչելեթը նաև կոչ է արել Մինեապոլիսի բոլոր ցուցարարներին՝ հանդարտվել և խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց վրդովմունքը: