Ֆրանսիական «Ռենո» ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավարությունը մտադիր է 15 հազար աշխատատեղ կրճատել ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացրել են ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրությամբ։
15 հազարից մոտ 4,6 հազար աշխատատեղ կկորցնեն ֆրանսիացիները: Ակնկալվում է, որ աշխատատեղերի կրճատումը տեղի կունենա մի շարք պաշտոնների լուծարման պատճառով:
«Այս նախագիծը կենսական նշանակություն ունի»,- ասել է Renault-ի գլխավոր տնօրեն Կլոտիլդե Դելբոսը:
Որոշումը կայացվել է երեք տարվա ընթացքում 2 միլիարդ եվրո խնայողության պլանի շրջանակներում: Renault-ը դժվար իրավիճակում էր հայտնվել նույնիսկ մինչև համաճարակը։
Ձեռնարկությունը վերսկսել է աշխատանքը ապրիլի վերջին: Դեռ ապրիլին նոր ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3%-ով: Ըստ ոլորտի մասնագետների՝ 2019 թվականը դժվարին տարի էր Renault–ի համար, ընկերության վնասը, ըստ տարեկան ֆինանսական հաշվետվության, գերազանցում է 140 միլիոն եվրոն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են 8 միլիարդ եվրո տրամադրել ավտոմոբիլային արդյունաբերությանը աջակցելու համար: