Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ Կառավարությունը:
Մարզպետի խոսքով՝ 30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է: Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից։