Հրաձգության Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Էստոնիայում ընթացող աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին այս առաջնությունում։
Ավելի վաղ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կիսաեզրափակիչ փուլ են անցել Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կկայանան վաղը։
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց թիմային պայքարում էլ Հայաստանի հավաքականի մարզիկներ Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը և Մարի Ղազարյանը 1056 միավոր արդյունքով արժանացել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալին։ Նույն մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում 995 միավորով բրոնզե մեդալակիր են դարձել նաև Համլետ Կարենյանը, Մանվել Միրզոյանը և Գոռ Մարտիրոսյանը։
Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մինչև հուլիսի 26-ը. առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։