ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թ. սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա:
Ուսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018 թ. նույն հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը սակայն տեղի չէր ունեցել:
ՀՀ ՊՎԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք՝ որպես երեխաների համար խաղահրապարակ: Վերոնշյալը ամրագրված է ՀՀ Կառավարության 07.05.2020 թ. N 721-Ա որոշմամբ:
Ներկայումս մանկապարտեզը շարունակում է իր բնականոն գործունեությունը, և մանկապարտեզ են հաճախում ՀՀ ոստիկանության զոհված և սոցիալապես անապահով աշխատակիցների ընտանիքների բազմաթիվ երեխաներ՝ տեղեկացնում են ՊՎԾ-ից: