Տեղեկատվության ստուգման կենտրոնից տեղեկացնում են, որ երեկ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնաթողությունից առաջ պարգևատրել է իրեն և իր մերձավոր աշխատակիցներին։
Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ «Կառավարության հրահանգով նախարարության պարգևավճարները պետք է ուղղվեն կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին, որը, սակայն, Գրիգորյանը չի արել: Նա վերջին պարգևավճարները պարզապես գրպանն է դրել»։
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ ԶԼՄ-ի կողմից հրապարակվել է ապատեղեկատվություն. Էրիկ Գրիգորյանը չի պարգևատրվել ո՛չ հեռանալուց առաջ, ո՛չ էլ դրան նախորդող ամսվա ընթացքում։ 2020 թվականին նախկին նախարարը պարգևատրվել է երկու անգամ՝ հունվար-փետրվար ամսին։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին պարգևավճարների փոխանցմանը՝ նշենք, որ Էրիկ Գրիգորյանը մարտ ամսվա աշխատավարձի զգալի մասն արդեն փոխանցել է։
Հավելենք նաև, որ նախարարները չեն կարող պարգևատրել իրենք իրենց։ Պարգևատրման մասին որոշումը կայացնում է ՀՀ վարչապետը։