Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:
Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:
«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին և Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության և բժիշկների հանդեպ անսահման հավատի համար:
«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգեւելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով»,- ասում է պրոֆեսորը: