Իսրայելի կառավարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում գրառում է արվել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ, որը նման է սիրո խոստովանության:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Հպարտանում ենք Թուրքիայի հետ մեր ունեցած դիվանագիտական հարաբերություններով։ Հուսով ենք, որ հետագայում ավելի կամրապնդվեն մեր կապերը։ Սեր ենք նվիրում մեր բոլոր թուրք հետևորդներին»։
Գրառումը տարակուսանք է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում. արդյոք դա նշանակում է փոփոխություններ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերություններո՞ւմ։
Ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ Իսրայելը չի ստորագրել մայիսի 12-ին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները դատապարտող Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության տակ։
Ներկայումս, Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: