Մաքսային ծառայության վարժեցված շներն ամենօրյա վարժանքն են կատարում սովորականից տարբերվող պայմաններում: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի մասնագետներն իրենց հավատարիմ գործընկերների հետ ծառայությունն իրականացնում են՝ անվտանգության բոլոր կանոնները պահպանելով:
Թմրանյութի թաքստոցը հայտնաբերելուց հետո ախտահանումը կարևոր պայման է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Մեղրիի մաքսային կետ-բաժնում, սակայն, ծառայությունը շարունակվում է մշտապես:
Այս ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, ուսումնասիրել գործընկեր շների հոգեբանությունը և ձեռք բերել մաքսանենգության դեպքերը բացահայտելու գործնական հմտություններ:
Շնագիտական կենտրոնում բոլոր աշխատակիցներն ուսումնասիրել են նաև համաշխարհային փորձը: Կինոլոգների և ծառայողական շների աշխատանքային գրաֆիկն այս ընթացքում հագեցած է եղել դասընթացներով և մարզումներով:
Մաքսանենգները թմրանյութը կամ հոգեմետ դեղերը Հայաստան են տեղափոխում հիմնականում ուղեբեռով և փոստային առաքանիով, բայց հայ կինոլոգներն ու մաքսային ծառայության վարժեցրած շները գիտեն՝ ինչպես խափանել նրանց ծրագրերը։
Շանել անունով անգլիական կոկեր-սպանիելն արդեն լիարժեք պատրաստ է ծառայության։ Համավարակի հաղթահարումից հետո օդանավակայանում կամ անցակետերում ուղևորներին նա կդիմավորի ուրախությամբ, բայց սուր հոտառությամբ «զինված»։
Իսկ մինչ այդ տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգացել են Շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։