Football Italia-ն հաղորդում է, որ Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես Պորտուգալիայից Թուրին է մեկնել։ Ռոնալդուի Gulfstream G200 Galaxy մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինի օդանավակայանում մայիսի 4-ի երեկոյան։
35-ամյա պորտուգալացին երկու շաբաթով կինքնամեկուսանա, որից հետո կմիանա թիմին՝ մարզումներ անցկացնելու համար։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա Մադեյրայից Թուրին մեկնել, քանի որ ֆուտբոլիստի ինքնաթիռը գտնվում է Իսպանիայում, իսկ երկրի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չի թույլատրում թռիչքներ իրականացնել։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից իր հայրենիք է մեկնել մարտին՝ մոր կողքին լինելու համար։ Նրա մայրը ուղեղի կաթված էր ստացել։ Ֆուտբոլիստն արդյունքում որոշում կայացրեց մնալ Մադեյրա կղզում իր ընտանիքի հետ ու կարանտինն այնտեղ անցկացնել։