Football Italia-ն հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ֆուտբոլային մրցաշարերի հնարավոր վերադարձին, նշել է, որ ֆուտբոլը շուտով կվերադառնա։
«Մարդկությունը կհաղթի կորոնավիրուսը։ Մենք տեսանք, թե որքան խոցելի է մեր աշխարհը, որքան կարող են նման դեպքերն ապակայունացնել իրավիճակը։
Ֆուտբոլը շուտով կվերադառնա, այն կփոխվի, բայց միայն կարճ ժամանակով։ Ֆուտբոլն անցյալում ևս տեսել է պատերազմներ ու համաճարակներ ու հաղթահարել է դրանք։
Շուտով հին ու բարի ֆուտբոլը կվերադառնա, բայց մինչ այդ մենք պետք է հետևենք կառավարությունների որոշումներին։ Բժշկական բոլոր պահանջներին համապատասխան՝ հանդիպումներն առանց հանդիսականների կարող են վերադառնալ համեմատաբար ավելի շուտ։
Ամեն դեպքում ամեն ինչ որոշում է ոչ թե սպորտը, այլ քաղաքականությունը»,- Football Italia-ին ասել է Չեֆերինը։