Այսօր «Պարենային շտապօգնություն» ծրագրի նախաձեռնող թիմը հանրային հաշվետվությամբ է հանդես եկել: Պատասխանատուները նախ հայտարարել են, որ բազմաթիվ քաղաքացիներ դրամական ու պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում ծրագրին և սպասում են արձագանքի, թե ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է այդ օգնությունը հասնում անապահով ընտանիքներին: Եվ պատահական չէ, որ ասուլիսի վայր էր ընտրվել հենց ծրագրի պահեստը։
Մարտի 28-ին մեկնարկած «Պարենային շտապօգնություն» ծրագիրը, որն իրականացվում է Շիրակի մարզպետարանի և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ, շարունակում է ստանալ բազմաթիվ դիմումներ ու միևնույն ժամանակ ծրագրին աջակցության հայտեր:
«Այս օրերի ընթացքում առցանց՝http://shtapognutyun.am/ կայքում գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են նախաձեռնող թիմի անդամների ու կամավորների կողմից, յուրաքանչյուր ընտանիքի անհատական մոտեցում է ցուցաբերվել՝ հեռախոսային հարցազրույցներ են արվում՝ պարզելու համար ընտանիքի համապատասխանելիությունը ծրագրին: Ըստ այդմ հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումներին կեսից ավելին մերժվել է ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, եղել են քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ են գրանցվել, կամ մեկ հասցեով մի քանի ընտանիքներ են գրանցվել և հակառակը, երբ մեկ քաղաքացին տարբեր հասցեներից փորձել է աջակցություն ստանալ»,- ասել է ծրագրի նախաձեռնող թիմի անդամ Կարեն Պետրոսյանը։
Եթե նորաբաց կայքում կարող էին գրանցել ընտանիքները, որոնք աջակցության կարիք ունեին, ապա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի http://donate4gyumri.am/ կայքում հնարավոր է դրամական աջակցություն ցուցաբերել ընտանիքներին։ Ծրագրի միանալու համար մի քանի եղանակներ են ընտրվել՝ ֆինանսական հանգանակություն անել հետևյալ հաշվեհամարներով՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158:
Ծրագրի մեկնարկից հետո հավաքագրվել է արդեն 2,498,300 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը նպատակային՝ «Թռչունյան տան» նախկին 25 սաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:
«Պարենային շտապօգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլակներ ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին:

Արկղերը բավականին մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1,800,000 ՀՀ դրամ:
Բացի սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից, անհատներ ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին բնաիրային նվիրատվություն են կատարել, որը դրամական գնահատմամբ կազմում է 1,495,000 ՀՀ դրամ։
900 փաթեթ ծրագիրը ձեռք է բերել Շիրակի մարզպետարանի օգնությամբ։ 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։
Ասուլիսի ավարտից հետո ծրագրի պատասխանատուները կամավորների հետ ուղևորվեցին խորհրդանշական հազարերորդ ընտանիքին սոցիալական աջակցության փաթեթներ հանձնելու։

«Բացի 1000-րդ ընտանիքից, 60 ընտանիքներ մեկ ամսվա ընթացքում հասցրել են ստանալ երկրորդ պարենային փաթեթները, այժմ ունենք պահեստավորված 300 փաթեթ ևս»,- նշեց նախաձեռնող թիմի անդամ Կարեն Պետրոսյանը։
Նա հավելեց նաև, որ արտակարգ դրության և ծրագրի ավարտից հետո պատրաստակամ են ուսումնասիրված 3000 ընտանիքների արխիվն ու կայքը փոխանցել սոցիալական ոլորտով զբաղվող որևէ կառույցի, քանի որ ծրագիրը նախաձեռնության շրջանակներում է տեղի ունենում։

Աջակցություն տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց եկամուտը կամ զրկվել են եկամուտ ստանալու հնարավորությունից կորոնավիրուսի համավարակի պատճառով, չունեն նվազագույն պարենային կենսական ապահովում և չեն կարող օգտվել կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված պետության աջակցության ծրագրերից:
Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է հանդիսացել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: Նախնական գնահատմամբ՝ շաբաթվա համար նախատեսված ծանրոցը արժի մոտ 12000 ՀՀ դրամ:
