Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ֆրանսահայերին ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդին (CCAF)։
Փարիզի քաղաքապետը հայտնել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչումը տեղի է ունենում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումների բացառիկ պայմաններում: Այդ պատճառով էլ չեղարկվել է Փարիզի քաղաքապետարանում ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող ընդունելությունը։
«Այս տարի մենք չենք կարող պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց մենք դեռ պետք է հիշենք նրանց՝ հիշատակման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտական ենք՝ շարունակել պայքարը պատմական ճշմարտության համար, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում, իսկ մեր երկրում՝ մինչև ժխտողականության քրեականացում: Մնանք տանը, ու եկեք հավատարիմ մնանք հիշատակին, անկախ նրանից, թե ինչ դժվարություններ են այստեղ Փարիզում, ինչպես նաև Հայաստանում և Արցախում, որը, ես գիտեմ, շատ տուժել է համաճարակից:
Համոզված ենք, որ հաջորդ տարի մենք ներկա կլինենք հիշատակի հանդիպմանը: Մինչ այդ, հոգ տարեք ձեր մասին»,- ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: