Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ շարունակում են սփյուռքի հետ մասնագիտական վեբինարները։ Ըստ նրա՝ հիմնականում կենտրոնանում են առողջապահական ոլորտի վրա. բժիշկները փոխանակվել են մտքերով, փորձով:
Սինանյանն ասաց, որ տեղեկանալով Չինաստանից բժշկական գույք և սարքավորումներ բերելու համար պարբերաբար թռիչքներ կազմակերպելու մասին՝ սփյուռքահայերը փորձել են օգնել գումարով:
«Փորձեցին գոյացնել այն հասույթը, որը հնարավոր կդարձներ երեկվա թռիչքը Չինաստանից Հայաստան,- տեղեկացրեց նա և հավելեց,- ուզում եմ նշել, որ մեր գործընկերները, սփյուռքյան կազմակերպությունները սիրահոժար մասնակցեցին։ Կարողացանք գոյացնել կես միլիոն դոլար և 50.000 դոլար դեռ հաստատման փուլում գումար։ Այն գոյացավ հետևյալ կազմակերպություններից՝ Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Կոնվերս բանկ», «Կարաս» գինիներ, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամից, «Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամից», «Հայ բարեգործական ընդհանուր միությունից», «Իզմիրլյան հիմնադրամից»։ Թռիչքի մի մասը ֆինանսավորել էր Պարենի միջազգային ծրագիրը։ Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած գումարները հատկացվեցին «Իմ քայլը» հիմնադրամից, նաև պետական ռեսուրսներից»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վստահեցրեց, որ նման ծրագրերը շարունակական կլինեն: